ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հերթական անգամ այցելեց Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: Կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի, նախարարության Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացավ ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքների ընթացքին:
Արմեն Մուրադյանը կարևորեց տեխնիկական և կազմակերպչական հարցերի շուտափույթ լուծումը և շինարարական աշխատանքները նախատեսված ժամկետներում իրականացումը: Այցի ընթացքում նախարարը տվեց մի շարք հանձնարարականներ: Մասնավորապես` ուժեղացնել հսկողությունն աշխատանքների պատշաճ որակի ապահովման և ժամկետների պահպանման նկատմամբ:
ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման և Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի ու ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման աշխատանքներն իրականացվում են «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում: Երկհարկանի ախտորոշիչ մասնաշենքի տեղում կառուցված եռահարկ նոր մասնաշենքում կտեղակայվի միջազգային չափանիշներին համապատասխանող տարածաշրջանային նշանակություն ունեցող ցողունային բջիջների հավաքագրման, մշակման և պահպանման լաբորատորիան, որը կբավարարի ISO և GMP չափորոշիչներին: Ներկայում ընթանում են մասնաշենքերի ներքին հարդարման, ինժեներական ենթակառուցվածքների տեղադրման և արտաքին ջերմամեկուսացման ու երեսպատման աշխատանքները: Արդեն իսկ իրականացվել է շինարարական աշխատանքների ավելի քան 75%-ը: Կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններն առավել ամբողջական դարձնելու նպատակով ծրագրով նախատեսված է նաև բժշկական անձնակազմի կրթում` միջազգային և տեղի մասնագետների կողմից, ինչպես նաև բուժման ուղեցույցերի մշակում: Ընդգծենք, որ ՀՀ-ում արյունաբանական և ուռուցքաբանական բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման նպատակով` միջազգային չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքների ստեղծումը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է:
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարություն