Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյան. «Հայկ Կյուրեղյանի առողջական վիճակը շատ վատ է»

Հունվար 22,2016 18:15

«Հայկ Կյուրեղյանի առողջական վիճակը շատ վատ է: Մենք դիմում ենք գործող վարչախմբին, զուտ մարդասիրական նկատառումներով հնարավորություններ ստեղծեն, որպեսզի մեր  քաղխորհրդի անդամները հանդիպեն Հայկի հետ եւ համոզեն նրան` վերջ տալ հացադուլին եւ ջրադուլին»,-այսօր Ազատության հրապարակում հրավիրված ասուլիս-քննարկման ժամանակ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի որոշումը բարձրաձայնեց Վարուժան Ավետիսյանը:

Հայկ Կյուրեղյանը, հիշեցնենք, արդեն հինգ օր է ջրադուլի մեջ է, մինչ այդ հացադուլ էր հայտարարել, քանի որ կյանքի նկատմամբ իրական վտանգ է զգում: Հայկ Կյուրեղյանը պահանջում է, որ իրեն առանձին խուց տեղափոխեն, որպեսզի նրա կյանքի միակ պատասխանատուն լինի ՔԿՀ-ի ղեկավարությունը:

Համանման պահանջով հացադուլ էր հայտարարել նաեւ Գեւորգ Սաֆարյանը: Նրա վրա նախորդ գիշեր հարձակում էր եղել, այժմ տեղափոխվել է այլ խուց: «Բայց երաշխիք չկա, որ դա չի կրկնվի, 9-10 անգամ է Գեւորգին խցից-խուց են տեղափոխվում: Բաղրամյան 26-ը քրեական աշխարհի ներկայացուցիչ իր գործակալների միջոցով փորձում է հարցեր լուծել»,- ասաց Վարուժան Ավետիսյանը` հավելելով, որ իրենք այս առիթով նամակ են ուղարկել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին. «Հանրաքվեն կեղծողներին եւ բռնություն գործադրողներին պաշտպանում են, բողոքողներին` պաշտպանում: Գեւորգը բողոքողներից մեկն է»:

Օրերս Հայաստան վերադարձած «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյան իր ելույթում ասաց`թեեւ Նոր տարին Հայաստանում չի դիմավորել, նոր է վերադարձել, բայց ոչինչ չի փոխվել: Նա իր վրդովմունքն արտահայտեց Նոր տարվա նախօրեին այլընտրանքային տոնածառի հետ կապված դեպքի եւ Գեւորգ Սաֆարյանի ձերբակալության առիթով: «Իրենք փորձում են Հայաստանը ահաբեկապետություն դարձնել: Նրանք անօրինական հրամաններ են իջեցնում` ակնկալելով, որ ոստիկանները, զինվորները կկատարեն այդ հրամանները եւ իրենք կմնան հավերժ իշխանության: Նրանք, ովքեր պիտի ապահովեն իրավունքի եւ օրենքի կիրառումը` դառնում են մեղսակից հայ ժողովրդի դեմ կիրառվող ապօրինությունների: Դա նպատակասլաց է արվում: Ժողովուրդը պարտավոր է միանալ, նախապատրաստական իրավիճակից պատրաստ վիճակի անցնել եւ լուծել մեր ազգային հարցը: Սա վերաբերվում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլ բոլոր հայերին: Իշխանական-կուսակցական ահաբեկությունը սկսվում է ձեզանից, պարոն Սարգսյան` Նորք-Մարաշի թատերական ահաբեկություններ մի սարքեք: Շիրխանյան, Մարգարյան` նման պատվարժան քաղաքացիների մոտ տեռորիզմ մի փնտրեք: Տեռորիզմը ձեզ մոտ է»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նաեւ իր զարմանքը հայտնեց`ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի հետ  կոալիցիա կազմելու պատրաստակամության առիթով.  «Ինչպես են նայում Երեւանից-Ստեփանակերտ-Լոս-Անջելես եւ Բուենոս-Այերես իրենց անդամների աչքերին եւ ասում`մենք ուզում ենք մտնել կոալիցիայի մեջ հանցագործ, ահաբեկիչ, ժողովրդի արժանապատվությունը գողացած, մադրիդյան սկզբունքներ ընդունած իշխանության հետ: Յուրաքանչյուր շարքային դաշնակցական եւ շարքային ՀՀԿ-ական պետք է ասեն, թե որն է արժանապատվության, պետականության, սահմանադրության գինը»:
Րաֆֆի Հովհաննիսյանը բռնություններն անխուսափելի է համարում, եթե հասարակությանը հնարավորություն չտրվի ազատ պայքարելու իր իրավունքների համար, եթե Սերժ Սարգսյանը իր կամքով չապահովի խաղաղ անցումը. «Իսկ տեռորի հեղինակը Սերժ Սարգսյանն է լինելու»:

Ճակատի անդամ Գարեգին Չուգասզյանն էլ վերլուծելով ԵԽԽՎ-ի օրակարգում ներառված հակահայկական բանաձեւերի պատմությունը եկավ այն եզրահանգման, որ ԵԽԽՎ-ում Արցախի բանակցային գործընթացի նոր ձեւաչափ է մշակում, իսկ ՀՀ-ի ընդունած նոր Սահմանադրությամբ դրա ժամկետներն են սահմանվում`երկու տարուց:

Խոսելով արդեն Իրան-Հայաստան հարաբերությունների մասին էլ ասաց. «Հայաստանի` Իրանի համար Հոնգ-Կոնգ դառնալու հեռանկարը չի իրականացվելու, քանի կա այս ապիկար, ողնաշարից զուրկ իշխանությունը:  Հայ ժողովրդի ամենալավ դաշնակիցը հայ ժողովուրդն է, եթե մենք մեր վրա չվերցնենք մեր բոռը ոչ մի օտար ուժ մեզ չի օգնելու»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031