Վալերի Պերմյակովի գործով դատավարությունն այսօր անցավ անչափ ծանր մթնոլորտում:
Սպանությունից անմիջապես հետո Ավետիսյանների տուն ոտք դրած ու գործով ակամա առաջին վկա դարձած Ռիտա Պետրոսյանի (նա սպանված տանտիրուհի Հասմիկ Ավետիսյանի քույրն է), ցուցմունքի ժամանակ ողջ դահլիճը վերապրեց վիշտը:
Ավետիսյանների երեխաները սկսեցին մղկտալ, աղիողորմ լաց լինել, ուշաթափվել, դահլիճում գտնվողները նույնպես սկսեց նրանց հետ արտասվել:
Դատական նիստն ընդմիջվեց, քանի որ շտապօգնության աշխատակիցներին երկար ժամանակ չէր հաջողվում հանգստացնել հարազատներին:
Կարդացեք նաև
Ընդմիջումից հետո վկա Ռիտա Պետրոսյանը, շարունակելով իր խոսքն, ասաց, որ մտել է Ավետիսյանների տուն, նրանց հետ սուրճ խմելու ու տեսնելով արյան մեջ շաղախված դեմքերը՝ մտածել է, թե խեղդվել են գազի արտահոսքից:
«Խելագարի պես վազում էի ներսից դուրս, դրսից ներս, հեռախոս չկար մոտս, թակում էի հարևանների դռները, գոռում էի՝ խեղդվել են, օգնեք, փրկեք, բայց դռները բացող չկար: Ես զարմանում եմ, որ հարևանները չեն լսել ոչ մի ձայն: Վազեցի կողքի խանութ, աշխատակցին՝ Ռուզաննային աղերսում էի՝ պրծի, շտապօգնություն զանգահարի, գազից խեղդվել են ողջ ընտանիքով: Ռուզաննան ապշեց, շտապօգնությունը եկել է, հետը ոստիկանություն, էլ չեմ հիշում.. Մեկ էլ լսում եմ՝ շտապօգնության աշխատակցի ձայնը, թե նրանք գազից խեղդված չեն, ի՞նչ ես ասում, ի՞նչ գազ, նրանց զենքով են սպանել, միայն երեխայի շունչը կա.. Մոլորվել էի, նայում էի շուրջբոլորս, ամեն ինչ տեղն է, քանդված ոչ մի բան չկա, ինչի՞ են սպանել. եթե նպատակը գողություն է, քանդված բան չկա: Հետո տեսա պատրոններ ոտքերիս տակ, մի հատ պահունակ, գոռացել եմ, բայց ինչի՞, ինչի՞… Հասկացա, որ հրազենային կրակոցներ են եղել, բայց մինչև հիմա պատճառը չգիտեմ»:
Նստած տեղից Ավետիսյանների մյուս հարազատները գոռացին՝«Եթե դռան փականը չիմանայիր ոնց բացել, չէին կարողանա բացել: Էդ էշը ո՞նց է կարողացել բացել, ուրեմն մի էշ էլ է եղել հետը»:
Ռիտա Պետրոսյանը հիշում է, որ դեպքից րոպեներ անց տուն են մտել մեծ թվով ռուս զինվորականներ՝ այսպիսով նպաստելով սպանության հետքերի անհետացմանը: «Թուրքի մայլի ժողովուրդը աշխույժ ժողովուրդ է, ես չհասկացա՝ ինչի՞ էին լռում, ժամը 12 էր լինում, թակում եմ հարևանի դուռն, ասում է՝ չեմ լսել, նոր եմ արթանացել քնիցս: Ինձ թվում է՝ լսել ու չեն բացել դռները: «Պեգաս» խանութի մոտ սպանություն եղավ, ես իմ տանը նստած ձայները լսեցի, էդ ինչպե՞ս եղավ, որ կողքի հարևանները չլսեցին: Նույնիսկ հեռուստատեսության լրագրողներից մեկը թակեց հարևանի դուռը, բայց ոչինչ չասացին: Փեսայիս՝ Սերյոժայի հորեղբոր աղջիկ Կարինեն, որը պատկից հարևանն է, ասում է, թե ժամը 6.20 մոտ ինչ-որ գմփոց է լսել, հետո երեխաների ձայն, բայց Ավետիսյանների տանը լույս չի վառվել: Նայել է պատուհաններին, լույս չի տեսել: Որ մի հատ առավոտ ձայն տար Հասմիկն ու Սերյոժային, հարցներ ի՞նչ գմփոց է, ի՞նչ կլիներ, թեև ոչ մի բան չէր փոխվի, բայց մարդկային անտարբերությունը…»:
Արթուր Սաքունցը հետաքրքվեց, թե տիկին Ռիտան բոլոր հարևաններին ճանաչո՞ւմ է, որին ի պատասխան վկան ասաց՝ այո:
Արթուր Սաքունցը հարցրեց՝ հարևանների մեջ կա՞ն մարդիկ, որոնք կապ ունենան ռազմաբազայի հետ: Ռիտա Պետրոսյանն անտեղյակ էր:
«Գոնե գազից խեղդվեին, երևի իմանայինք, գազից են խեղդվել, էսպես ծանր չտանեինք»,- ասաց Ռիտա Պետրոսյանը:
Վկայություն տվեց նաև սպանված Ավետիսյանների հարսի՝ Արաքսյա Պողոսյանի հայրը՝ Անդրանիկ Պոողոսյանը: Նա ասաց, որ իրենք բնակվում են Լոռիում, իրենց խաբար են արել, թե դեպք է տեղի ունեցել, եկել են: Հայրը հարևաններից հետաքրքրվել է, թե չե՞ն լսել կրակոցներ, նրանք ասել են, որ դրմփոց են լսել: Արթուր Սաքունցը հետաքրքվեց՝ կարո՞ղ է հարևանները կրակոցների ձայնը չեն տարբերել:
Դատական նիստը հետաձգվեց, քանի որ տուժողների իրավահաջորդները՝ Լուսինե Ավետիսյանը, Եգոր Ադամյանը, Անահիտ Կոշտոյանը շատ վատ էին, չէին կարողանում ցուցմունք տալ: Դատական հաջորդ նիստը հաջորդ ուրբաթ է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ