Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳ փոխնախարար. ԼՂ հարցի տեղափոխումն այլ հարթակներ կամ զուգահեռ գործընթացներ իրականացնելը կարող են խաթարել միջնորդական ջանքերը

Հունվար 22,2016 17:27

Հունվարի 20-21-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մասնակցեց Ստրասբուրգում կայացած Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստին, որը համանախագահում էին Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը և Եվրոպական խորհրդարանի անդամ Սաջադ Քարիմը: Նիստին մասնակցում էին ՀՀ ԱԺ և Եվրոպական խորհրդարանի անդամներ, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի ծառայության պաշտոնյաներ:

Ձևավորված աշխատանքային ավանդույթի համաձայն ԱԳ նախարարի տեղակալը հանձնաժողովին ներկայացրեց ՀՀ մոտեցումները և դիրքորոշումները նիստի օրակարգում ներառված Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ վիճակի ու զարգացման հեռանկարների, ԵՄ հետ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների, Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ԼՂ հակամարտության կարգավորման, տարածաշրջանային զարգացումների ու այլ հարցերի վերաբերյալ:

Նիստի ընթացքում փոխնախարար Նազարյանը պատասխանեց ու մեկնաբանեց մասնակիցների մի շարք հարցեր, որոնք առնչվում էին Հայաստան-ԵՄ հարաբերությունների դինամիկ զարգացմանը, ձեռքբերումներին ու առաջիկա անելիքներին: Կարեն Նազարյանը կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ԵՄ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը՝ նշելով, որ հարցի տեղափոխումն այլ հարթակներ կամ զուգահեռ գործընթացներ իրականացնելը կարող են խաթարել միջնորդական ջանքերը և առավել վտանգել տարածաշրջանային կայունությունը: Իր խոսքում նախարարի տեղակալը բարձր գնահատեց Հայոց ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարելիցի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի ու անդամ երկրների կողմից ընդունած համապատասխան բանաձևերը, անդրադարձ կատարեց սիրիական ճգնաժամի արդյունքում Հայաստանում ապաստան գտած անձանց հիմնահարցերին՝ կոչ անելով եվրոպական գործընկերներին աջակցել ՀՀ կառավարության ջանքերին՝ ուղղված նրանց սոցիալ-տնտեսական ինտեգրմանը։

Այս և մի շարք այլ հարցեր ներառվեցին հանձնաժողովի նիստի արդյունքում ընդունված եզրափակիչ հայտարարությունում:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031