Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության փոխնախարար. «Իրանի հետ հնարավոր են համագործակցության նոր զարգացումներ» (Տեսանյութ)

Հունվար 22,2016 17:11

Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հունվարի 22-ին ՀԳՄ հարկի ներքո հյուրընկալելով պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանին, նշեց, որ Պաշտպանության նախարարության հետ համատեղ աշխատանքի ծրագիր ունեն, բազմաթիվ զորամասերում եւ գրողների միությունում հանդիպումներ եւ միջոցառումներ են կայացել, իսկ անցյալ տարի համատեղ մրցանակաբաշխությունն է ամփոփվել:

«Մեր գրականության պատմությունը վկայում է մի բան, մեր ժողովրդի երազանքն է եղել բանակ ունենալ, այդ տեսլական այլեւս իրականություն է»,-ասաց ՀԳՄ նախագահը:

Նա հայտնեց, որ Դավիթ Տոնոյանը Խաչիկ Դաշտենցի եղբորորդին է, եւ նրա մեջ գրողները տեսնում են գրողների հետ սիրով աշխատող մի պետական մարդու:

David_Tonoyan_3

«Մտավորականությունն է, որ աշխարհի բոլոր երկրներում լրագրողների հետ միասին ձեւավորում է հասարակական կարծիք»,- ասաց պարոն Տոնոյանը եւ ցանկություն հայտնեց, որ բանակ-հասարակություն կապն ավելի ամրապնդվի:

Այնուհետեւ Հայաստանի անվտանգության միջավայրի ներկայացում եղավ գրողների համար, ու փոխնախարարը պատասխանեց հարցերին:

Արձակագիր Արայիկ Նազարեթյանին, օրինակ հետաքրքրում էր Կարսի պայմանագրի չեղարկման հավանականությունը: «Մենք ավելի շատ պաշտպանության վերաբերյալ հարցեր էինք ակնկալում, ինչ վերաբերում է այդ չեղարկմանը, չեմ կարծում, թե այն կարող է իրավիճակ փոխել սահմանում… Իսկ ՌԴ Դումայի պատգամավորներն ազատ են իրենց որոշումների ու առաջարկությունների իմաստով»,- պատասխանեց փոխնախարարը:

Արձակագիր, հրապարակախոս Ռուզան Ասատրյանին հետաքրքրում էր՝ հնարավոր պատերազմի դեպքում, Հայոց բանակը ի զորո՞ւ է դիմակայել Ադրբեջանին:

«Զինված ուժերում իրականացվում է պլանավորում բոլոր սցենարներով, համապատասխանաբար պլանավորված են մեր բոլոր գործողությունները…Մենք պատրաստ ենք այսօր, պատրաստ ենք լինելու նաեւ վաղը…Եթե Ադրբեջանի այսօրվա ռազմաքաղաքական ռեժիմը զգա, որ պատերազմի վերսկսումն իր համար փրկություն է, հնարավոր է այդպիսի քայլի գնա, բայց դա մեր պատրաստվածության վրա նշանակություն ունենալ չի կարող, պատասխանը միշտ պատրաստ է»,- ասաց նախարարի տեղակալը:

David_Tonoyan_2

Անդրադարձ եղավ Սամվել Գեւորգյանի ռազմական նշանակության բացառիկ գյուտին, փոխնախարարն ասաց, որ ինքը տեղյակ չէ այդ գյուտից, եւ այն կուսումնասիրվի ու կդիտարկվի կիրառելիության տեսանկյունից:

Գրողներից Մեսրոպյանը գիրք նվիրեց փոխնախարարին եւ Զորի Բալայանին, ու ցանկություն հայտնեց, որ պահանջատիրության հարցը նորից շեշտադրվի, խոսեց նաեւ Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության մասին, որը դիմել է Իրավարար վճռի չեղյալ հայտարարման համար: Տոնոյանն ասաց, որ դա հեռակա խնդիր է:

Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը եւս գիրք նվիրեց փոխնախարարին:

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը անդրադարձավ Ռաֆայել Ավագյանի նախաձեռնած Զինվորական մատենաշարի կիսատ մնալուն, ցանկություն հայտնեց, որ այն շարունակվի, հատորներում ներառվեն Արա Նազարեթյանի, Լեւոն Խեչոյանի, Զորի Բալայանի ո այլոց գործերը: Փոխնախարարը խոստացավ ուսումնասիրել հարցը:

Հովիկ Վարդումյանն էլ առաջարկեց գրականության միջոցով զինվորներին հայրենասիրությամբ վարակել. «Օրինակ` իմ «Ուրֆայի հերոսամարտը» կարդան ու հրացաններով առաջ դեպի թշնամին…»:

Արձակագիր Գուրգեն Խանջյանին հետաքրքրում էր, բացի ՌԴ-ից եւ ՀԱՊԿ-ից ունե՞նք ռազմական փոխգործակցության եզրեր, ընդհանրություններ այլ երկրների հետ:

«Դաշնակիցների հետ մեր համագործակցությունը խարսխված է պայմանագրաիրավական, փաստաթղթային գործունեության հիման վրա, իսկ գործընկերների հետ համագործակցությունն իրականացվում է պայմանավորվածությունների, համատեղ ստորագրված պլանների ու հուշագրերի վրա: Ռազմավարական ու քաղաքական առումով մեր հարաբերությունները սերտ են Իրանի հետ: Հաշվի առնելով Իրանի՝ պատժամիջոցների տակ լինելը, մեր համագործակցությունը լայն չէր, բայց այս նոր ֆոնի վրա հնարավոր են նոր զարգացումներ: Հիմքը կա, որ Իրանի հետ հարաբերություններն ընդլայնենք ռազմական տեսանկյունից: Մյուսը Վրաստանն է, վերջին տարիներին Վրաստանի հետ համագործակցությունն ընդլայնվում է: Հույս ունենք, որ շատ ամուր ռազմական համագործակցության կապեր կունենանք», նշեց Դավիթ Տոնոյանը:

Փոխնախարարը շեշտեց, որ Վրաստանի՝ դեպի ՆԱՏՕ հակվածությունը չի խանգարի ՀՀ-ի հետ համագործակցությանը:

Ինչ վերաբերում է անցյալ տարվա մեր 57 զոհերին, գրողներից մեկն ասաց, որ իրեն չի մխիթարում այն, որ թշնամին քառապատիկ անգամ շատ զոհեր է ունեցել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031