Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ԵՄ պատվիրակություն. Ցավով տեղեկացանք, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել

Հունվար 22,2016 16:50

Հայաստանում  Եվրոպական միության պատվիրակությունը հանդես է գալիս սույն հայտարարությամբ ԵՄ անդամ պետությունների  հայաստանյան առաքելությունների ղեկավարների հետ համաձայնությամբ:

ԵՄ պատրաստ է աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին՝ մասնավորապես ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության ոլորտներում: Պատշաճ կառավարումը և մարդու իրավունքների պաշտպանությունը կարևոր են Հայաստանի ապագայի, ինչպես նաև քաղաքական և դատական համակարգի հանդեպ հասարակության վստահության բարձրացման համար:

Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը չափազանց կարևոր է ազգային մակարդակում մարդու իրավունքների միջազգային չափորոշիչների արդյունավետ կիրառումը խթանելու և մշտադիտարկելու, ինչպես նաև օրենքի գերակայության բոլոր ոլորտների՝ դատական համակարգի, իրավապահ մարմինների և ուղղիչ համակարգի զարգացման համար:

Վերջերս Հայաստանի համար ստորագրված 12 մլն. եվրո արժողությամբ մարդու իրավունքների բյուջետային աջակցության ծրագիրը (2016-2018) մեկ անգամ ևս հաստատում է ԵՄ-ի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին վերագրվող մեծ կարևորությունը: Ծրագիրը նախատեսված է աջակցելու Հայաստանին խտրականության, խոշտանգումների կանխարգելման, երեխաների իրավունքների, ընտանեկան բռնության դեմ պայքարի և ընտրական օրենսդրության բարելավմանն առնչվող հիմնախնդիրների լուծման գործում: Ծրագիրը նախատեսված է նաև նպաստելու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությանը՝ մարդու իրավունքների կրթության մշտադիտարկման, մարդու իրավունքների կրթության վերաբերյալ առաջարկությունների տրամադրման, փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, խոցելի խմբերի խնդիրների վերհանման, ինչպես նաև պետական մարմինների հետ համագործակցության գործում: Ծրագրի նպատակն է ամրապնդել շահագրգիռ կողմերի համակարգումն ու համագործակցությունը, որի իրականացումը կվերահսկվի ղեկավար կոմիտեի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի, ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ համաղեկավարությամբ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների աջակցությամբ՝ ապահովելու համակարգված երկխոսություն:

Ցավով տեղեկացանք, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել, և մեր գոհունակությունն ենք արտահայտում նրա գերազանց աշխատանքի համար: Անչափ կարևոր է ապահովել իրավահաջորդի պատշաճ ընտրությունն ու լիակատար ու անվերապահ անկախությունը: Հետևաբար, ԵՄ-ն վստահ է, որ ընդհանուր համաձայնությամբ Ազգային ժողովի կողմից նշանակված մարդու իրավունքների հաջորդ պաշտպանը կկարողանա պահպանել այս կարևոր հաստատության անկախությունը: Պետական մարմինների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի  առաջարկություններին առավել արդյունավետ հետամուտ լինելը կնպաստի Հայաստանում մարդու իրավունքների ավելի լավ պաշտպանությանը:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հայտարարությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031