Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի հետ

Հունվար 22,2016 16:10

Աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 21-ին հանդիպում է ունեցել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար, Հունաստանի փոխարտգործնախարար Յանիս Ամանատիդիսի հետ:

ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել առ այն, որ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը բանաձեւով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Նա ընդգծել է, որ հարկավոր է համատեղ պայքար մղել հանուն քրիստոնյաների ցեղասպանության դատապարտման եւ թուրքական ժխտողականության դեմ:

Յանիս Ամանատիդիսն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի Ազգային ժողովի կողմից անցյալ տարվա մարտի 24-ին միաձայն ընդունված հայտարարության կապակցությամբ, որով դատապարտվել է Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանությունը:

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարն ընդգծել է անցյալ տարվա ապրիլի 22-23-ը Երեւանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի նշանակության կարեւորությունը ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման հարցում:

Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ: Կարեւորվել է բոլոր հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորումը:

ԱԺ փոխնախագահը Յանիս Ամանատիդիսի հետ զրույցում անթույլատրելի է համարել Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը, ինչպես նաեւ Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը` Էդուարդ Շարմազանովն արձանագրել է, որ Ադրբեջանը չի ցանկանում հաշվի նստել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հետ:

Հունաստանի փոխարտգործնախարարը վերահաստատել է, որ Հունաստանը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ նշել, որ հիմնախնդրի կարգավորումն այլ հարթակներ տեղափոխելը կարող է վնասել բանակցային գործընթացը:

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031