Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայկական բարեգործական ընդհանուր միությունում այսօր ամփոփվեց Բրիտանական խորհրդի` 2013թ. մեկնարկած «IDEAS ներառական որոշումներ հավասար եւ հաշվետու հասարակության համար» ծրագիրը, որի շրջանակում Արթիկ քաղաքի այգին եւ մշակույթի տունը հարմարեցվել են հաշմանդամություն ունեցողների կարիքներին:
«Կարողացանք ներդնել ներառական որոշումներ կայացնելու մշակույթը: Ցավոք, Հայաստանում այն դեռ ավանդույթ չի դարձել: Հաշմանդամության միջազգային շարժման կարգախոսն է՝ «ոչինչ չանել մեզ համար՝ առանց մեր մասնակցության»: Մեր երկրում հաճախ այդ սկզբունքը խախտվում է»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ հաշմանդամություն ունեցողների համար կայացվում են որոշումներ, կազմակերպվում են միջոցառումներ՝ բարի նպատակներով, բայց հաշվի չեն առնում հաշմանդամություն ունեցողների կարծիքը. «Օրինակ` կառուցում են, հետո հասկանում, որ թեքահարթակը ոչնչի պիտանի չէ, կամ որոշ հարմարություններ սխալ են արվում: Որոշ ծրագրեր այդքան էլ արդիական չեն, մինչդեռ ներառական որոշումների դեպքում կարելի է գումար խնայել»:
Որպես օրինակ՝ Ալավերդյանն ասաց, որ Արթիկում թեքահարթակներ կառուցելուց առաջ Միացյալ թագավորության փորձագետները խորհրդակցել են հաշմանդամություն ունեցողների հետ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ