Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ դեսպան. «Նախկինում փողոցում հաշմանդամություն ունեցողի տեսնելը գրեթե անհնար էր»

Հունվար 22,2016 15:08

Հայկական բարեգործական ընդհանուր միությունում այսօր ամփոփվեց Բրիտանական խորհրդի` 2013թ. մեկնարկած «IDEAS ներառական որոշումներ հավասար եւ հաշվետու հասարակության համար» ծրագիրը, որի նպատակն է՝ տեղական ինքնակառավարման մարմիններում որոշումներ ընդունելիս ներգրավել նաեւ հաշմանդամություն ունեցողների տեսակետը:

Միացյալ թագավորության փորձագետների աջակցությամբ՝ Արթիկ քաղաքի այգին եւ մշակույթի տունը հարմարեցվել են հաշմանդամություն ունեցողների կարիքներին: Քաղաքապետարանի եւ Բրիտանական խորհրդի ջանքերով Արթիկում կառուցվել են թեքահարթակներ:

Հաշմանդամություն ունեցողների համար կատարվող այս աշխատանքները մեծապես կարեւորեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին: «Հայաստանն առաջընթաց է գրանցել, հուսով եմ՝ առաջիկայում այստեղ նույնպես կվերանա այն կարծրատիպը, թե հաշմանդամություն ունեցողները հասարակության լիարժեք անդամներ չեն»,-ասաց նա:

Ազգությամբ լեհ դեսպանը պատմեց, որ  կյանքի մեծ մասն անցկացրել է սոցիալիստական ճնշման ներքո՝ հատկապես սովետական կարգերի ժամանակ. «Վաղ տարիքից հիշում եմ, որ Լեհաստանում եւ Սովետական միությունում փողոցում հաշմանդամություն ունեցողի տեսնելը գրեթե անհնար էր: 1980-ականներին գնացի Հոլանդիա եւ տեսա փողոցում անվասայլակներով տեղաշարժվող մարդկանց: Հարցրեցի՝ ինչպե՞ս կբացատրեն այս տարբերությունը: Պատասխանեցին, որ կատարյալ հասարակություններում չեն սիրում ոչ կատարյալ մարդկանց: Հետեւաբար, այս ծրագիրը չի վերաբերում միայն նրան, որ հաշմանդամություն ունեցողներին հնարավորություն տանք հասարակության լիարժեք անդամ զգալու: Հիմնական նպատակն է՝ հասարակության այդ վատ կարծրատիպից ձերբազատվելը»:

Պյոտր Անտոնի Սվիտալսկին նշեց, որ Լեհաստանում վերջին 20 տարում հաջողվել է կոտրել այդ կարծրատիպը. «Շատ մարդիկ սովոր են, որ, օրինակ, Գերմանիայի ֆինանսների նախարարն անվասայլակով է: Եւ դրա մասին չեն խոսում որպես արտասովոր երեւույթի, այլ նորմալ են վերաբերվում»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    “Ազգությամբ լեհ դեսպանը պատմեց, որ կյանքի մեծ մասն անցկացրել է սոցիալիստական ճնշման ներքո ” –
    խեղճ մարդ:
    էտքան ճնշվելուց հետո տես էս ոնց ա կազդուրվել ազատ ու անկախ Եվրամիության ու ՆԱՏՕ-ի կազմում: 😀

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031