Լրահոս
Օրվա լրահոսը

Զոյա Թադեւոսյան. Հայաստանը հարեւան երկրների տնտեսական ներուժը չի օգտագործում

Հունվար 22,2016 15:05

«Մենք մեր հարեւանների շուկաները շատ վատ ենք օգտագործում, գրեթե չենք օգտագործում»,- հունվարի 22-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Զոյա Թադեւոսյանը:

Նա համարում է, որ Հայաստանը կարող է ամբողջությամբ զարգացնելով իր տնտեսությունը ներխուժել իրանական շուկա. «Ճիշտ է, որ ունենք փակ սահմաններ, բայց արդյոք բաց սահմանները մենք լա՞վ ենք օգտագործում, իսկ մենք ունե՞նք այնքան տնտեսական ներուժ, որ բաց սահմանների դեպքում բոլոր 4 հարեւանների հետ էլ ունենանք լայնածավալ տնտեսական կապեր: Այդ հարցը ոչ մեկը չի ուզում տալ, որովհետեւ ավելի հեշտ է բացատրել անգործությունը փակ սահմաններով, քան խոսել այն մասին, թե օգտագործել չենք կարողանում: Մենք կարող ենք ե՛ւ Վրաստանի հետ, ե՛ւ Իրանի հետ հաստատել բազմակողմ տնտեսական կապեր, եւ այդ բազմակողմ տնտեսական կապերից ունենալ մեծ տնտեսական արդյունքներ: Բավական է նշել՝ Կանադայի հետ Հայաստանի արտաքին առեւտրային հարաբերությունները կառուցվածքով 7.7 տոկոս են, նույնքան էլ Իրանի հետ է: Կանադան որտեղ է, Իրանը որտեղ է: Հարեւան երկրի հետ մենք պետք է ունենայինք ավելի մեծ ծավալների տնտեսական կապեր»:

Զոյա Թադեւոսյանը նշեց, որ Հայաստանը հարեւան երկրների տնտեսական ներուժը չի օգտագործում, այն ինչ կարող էր շատ ռացիոնալ տնտեսական կապեր հաստատել ե՛ւ Իրանի, ե՛ւ Վրաստանի հետ, մանավանդ երբ առկա է  տնտեսական զարգացման եւ տնտեսական ներուժի բավական տարբեր հնարավորություններ. «Իրանից մենք կարող էինք էժան գազ ներկրել, էժան նավթ ներկրել, բայց եկեք եւ տեսեք, որ մեզ ավելի շատ ձեռք է տալիս ռուսական թանկ գազը, քան թե էժան  իրանական գազը: Որովհետեւ մեր Սահմանադրության առաջին կետը՝ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն չկա՝ մենք ո՛չ ինքնիշխան ենք, ո՛չ ժողովրդավարական, ո՛չ սոցիալական, ո՛չ իրավական: Դա է պատճառը, որ մենք չենք կարողանում մեր տնտեսական խնդիրները լուծել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031