Մեր հանրապետության տարածքին հզոր ցիկլոն է մոտենում: Այսօր այս մասին ասաց տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Օդերեւութաբանը «Հայացք» ակումբում ներկայացրեց առաջիկա օրերի եղանակը` մեկնաբանելով նաեւ հունվարի առաջին կեսին տեղի ունեցած եղանակային փոփոխությունների պատճառները:
Այսպես. ըստ պարոն Սուրենյանի, ցիկլոնը Հայաստանում կլինի վաղը` երեկոյան եւ մինչեւ հունվարի 26-ը կմնա մեր երկրում: Հունվարի 23-ի երեկոյան ժամերին եւ 24-ին մենք կգտնվենք այդ ցիկլոնի տաք հատվածում, լեռնային շրջաններում կտեղա ձյուն. «Հունվարի 24-ի երեկոյան ժամերին հանրապետություն սկսում են ներթափանցել արկտիկական ցուրտ օդային հոսանքներ: Հունվարի 26-27-ին կլինեն տեղումներ` ձյան տեսքով: Առատ տեղումներ կլինեն 24-25-ին: Հունվարի 24-27-ին օդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով: Ամենացուրտ գիշերը հունվարի 27-ին է լինելու: Լեռնային շրջաններում կգրանցվի մինուս 26 աստիճան, իսկ Արարատյան դաշտում եւ Երեւանում` մինուս 16, 17 աստիճան»,- ասաց Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքերով, «ձմեռն իր ողջ խստությամբ վերադառնում է», եւ միայն փետրվարի երկրորդ կեսից օդի ջերմաստիճանը կբարձրանա:
Կարդացեք նաև
Գագիկ Սուրենյանի խոսքով` 2016 թվականի հունվարը անոմալիաներով է ուղեկցվել եւ ոչ մի օր չի եղել, որ օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում լինի. «Հունվարը բավականին տաք էր եւ աչքի ընկավ օդերեւութաբանական մի շարք անոմալ երեւույթներով: Հունվարի 1-ին, 2-ին հզոր ցիկլոն թափանցեց մեր երկրի տարածք, եւ 1-2 օրվա ընթացքում հանրապետության առանձին շրջաններում թափվեցին ամսական նորմայի կրկնապատիկի չափով տեղումներ: Հունվարի 3-ին, 4-ին ջերմաստիճանը շատ կտրուկ նվազեց: Արարատյան դաշտում հունվարի 4-ի գիշերը գրանցվեց մինչեւ մինուս 24 աստիճան, լեռնային շրջաններում մինչեւ մինուս 30 աստիճան է եղել: Հունվարի 14-ին չտեսնված տաք եղավ` Կապանում` պլյուս 20 աստիճան, Իջեւանում` 17 աստիճան: Սա նորմայի սահմաններում չի եղել»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ