Հայաստանում արձանագրված դաբաղ հիվանդությունը, հնարավոր է, մեր երկիր է ներթափանցել Թուրքիայից:
Aravot.am-ի հարցմանն ի պատասխան սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից՝ ՍԱՊԾ-ից տեղեկացրին, որ դեկտեմբեր ամսին Արմավիրի մարզի ՝ Թուրքիային սահմանակից գյուղերից մեկում գրանցվել է կենդանիների դաբաղ հիվանդության մեկ դեպք, որի մասին էլ Հայաստանը, որպես Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անդամ, տեղյակ է պահել կառույցին, ինչպես նաեւ ԵԱՏՄ գործընկերներին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ժամանակավոր արգելել է Հայաստանից մի շարք գյուղմթերքների՝ մսի, կաթնամթերքի ներմուծումը այդ երկիր: «Ռոսսելխոզնադզոր»-ի՝ ներմուծման արգելքն, ըստ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության, հիմնականում վերաբերում է անասնապահական ապրանքներին, կենդանիներին, որոնք կարող են վարակվել դաբաղով. արգելվում է խոզի, ոչխարի, այծի, ցուլի, գոմեշի, տավարի մսի, ինչպես նաև կաթից ստացված մթերքների ներմուծումը, որոնք դաբաղի վիրուսը ոչնչացնող բարձր աստիճանի ջերմային մշակում չեն անցել։
Aravot.am-ին ՍԱՊԾ-ից տեղեկացրին, որ ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը հունվարի 20-ից ժամանակավոր արգելք է մտցրել դաբաղ հիվանդությանն ընկալունակ կենդանի կենդանիների՝ խոզերի, խոշոր եւ մանր կենդանիների, դրանց գենետիկ նյութի եւ մսի, վերամշակում չանցած ենթամթերքի, ինչպես նաեւ ջերմային մշակում չանցած կաթ-կաթնամթերքի, ու տվյալ կենդանիների հումքի՝ Հայաստանից Ռուսաստան ներմուծման համար:
Կարդացեք նաև
Ըստ ծառայության, Իրանում եւ Թուրքիայում վերջերս գրանցվել են նոր՝ AG-VII շճատեսակով դաբաղ հիվանդության դեպքեր, որն օրերս է հաստատվել ռեֆերենս լաբորատորիայում. «Հենց այս տիպի դաբաղն է գրանցվել հարեւան երկրներում: Նոր տիպի դեմ պայքարող պատվաստանյութն արդեն պատվիրվել է ողջ տարվա համար: Մինչեւ այսօր հանրապետությունում օգտագործվող պատվաստանյութը հնարավորություն չէր ընձեռում կենդանիների մոտ ստանալ պատշաճ վարակամերժություն՝ հաշվի առնելով հիվանդության նոր տիպը:
Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության պայմաններին համապատասխան՝ հանրապետությունում իրականացվել են կանխարգելիչ անասնահամաճարակային անհրաժեշտ բոլոր միջոցառումները, պետպատվերի շրջանակներում դաբաղի դեմ կրկնակի պատվաստումներ են իրականացվել: Վարակի տարածքում մինչ այսօր հիվանդության նոր դեպք չի գրանցվել:
Հարկ է նշել, որ բացի վերը նշված ապրանքատեսակներից՝ մնացած բոլոր ապրանքները՝ այդ թվում մսամթերքը, կաթնամթերքը եւ ձկնամթերքն անարգել արտահանվում են ՌԴ տարածք: Երեկ տեղեկացրել ենք, որ առաջիկայում Հայաստան կժամանի ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետի տեղակալը՝ տեղում ծանոթանալու կանխարգելիչ միջոցառումների ընթացքին»:
Թե որքան կտեւի այդ արգելքը, ծառայությունից դժվարացան ասել, սակայն նշեցին, որ ռուսաստանյան մասնագետները, որոնք առաջիկա 10 օրվա ընթացքում ժամանելու են Հայաստան, պետք է տեղում ստուգեն իրավիճակը, եւ երբ արձանագրվի, որ վարակազերծված է, անվտանգ է ամեն ինչ, հավանաբար, արգելքը կհանվի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ