Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվում է շախմատի Հայաստանի տղամարդկանց 76-րդ առաջնությունը:
ՖԻԴԵ-ի դասակարգման 12-րդ կարգ ունեցող մրցաշարի ավարտին մրցանակային տեղերի համար պայքարն ավելի է սրվել, եւ ամբողջ առաջնության ընթացքում առաջատարի դերում ընթացած գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի դիրքերը սկսել են երերալ: Բայց ոչ այն պատճառով, որ նա թուլացրել է խաղը: Պարզապես, մեր մյուս գրոսմայստերներից Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանն են ոչ այնքան հաջող մեկնարկից հետո վերագտել իրենց խաղը:
Իններորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է հաստատվել: Զավեն Անդրիասյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը իրենց անվան դիմաց գրանցել են 7-ական միավոր, իսկ Արման Փաշիկյանը 6 միավորով եզրափակում է առաջատարների եռյակը:
Այնպես որ, ամեն բան որոշվելու է վերջին երկու տուրերում, որոնցում Զավենի հնարավորությունները մի փոքր նախապատվելի են թվում: Այսօր նա սպիտակներով խաղում է միջազգային վարպետ, ստեփանակերտցի Մանուել Պետրոսյանի, եզրափակիչ տուրում՝ Նորայր Թորոսյանի հետ:
Կարդացեք նաև
Վերջին երկու տուրերում Ռոբերտ Հովհանիսյանի մրցակիցներն են գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը եւ Հովիկ Հայրապետյանը, իսկ Արման Փաշիկյանինը՝ գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանն ու Լեւոն Բաբուջյանը:
Ուրախալի է, որ այս առաջնությունում իրեն լավագույն կողմերով է դրսեւորում միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանը, որը 5 միավորով ընթանում է 4-րդ տեղում: Մրցանակային տեղի համար պայքարելը նրա համար շատ դժվար է լինելու: Բայց Մանուելը դա պարտավոր է անել նաեւ այն պատճառով, որ առաջնությունում սահմանված է գրոսմայստերական բալի նորմա՝ 6,5 միավոր, ու նա պարտավոր է ամեն բան անել վերջին երկու տուրերում եւս 1,5 միավոր վաստակելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ