Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դեսպան Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդում Հրանտ Դինքի սպանության տարելիցի առնչությամբ

Հունվար 22,2016 13:56

Հունվարի 21-ին ԵԱՀԿ Մշտական Խորհրդի 1086-րդ հանդիպման ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ հայտարարությամբ Թուրքիայում հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցի առնչությամբ:

ՀՀ դեսպանը կիսեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի հունվարի 19-ի մամուլի հաղորդագրության մեջ արտահայտված ակնկալիքը, որ Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչները պատասխանատվության են ենթարկվելու, ինչը հանրությանն ի ցույց կդնի խոսքի ազատության և լրագրողների նկատմամբ բռնության դեմ պայքարի կարևորությունը:

Նա նշեց, որ Հայաստանը հետևողական կերպով սատարում է մամուլի ազատությանը և լրագրողների ու իրավապաշտպանների անվտանգությանը: Թուրքիայում լրագրողների, համայնքային ղեկավարների և իրավապաշտպանների ահաբեկումը, նրանց նկատմամբ բռնությանն ու սպանություններին արձագանքելու անկարողությունը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ՝ դրանով իսկ խրախուսելով անհանդուրժողականությունը երկրի պաշտոնական դիրքորոշմանը հակադիր ցանկացած գաղափարի նկատմամբ:

Այդ համատեքստում հայկական կողմը մատնանշեց թուրքական իշխանությունների արձագանքը հայտնի թուրք մտավորականների նկատմամբ, որոնք համարձակվել են ձայն բարձրացնել՝ ի պաշտպանություն թուրքական հասարակության մի լայն զանգվածի՝ ընդգծելով, որ նրանց նկատմամբ հարուցվել է հետաքննություն թուրքական քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հիման վրա, որը ժամանակին օգտագործվել էր Հրանտ Դինքին մեղադրելու և դատապարտելու համար:

Դեսպան Կիրակոսյանը դրական գնահատեց այն հանգամանքը, որ թուրք հասարակության զգալի մի հատված ցույցերի էր դուրս եկել՝ նշելու Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցը՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել սպանության բոլոր կազմակերպիչներին: Հայաստանի ներկայացուցիչը նաև կոչ արեց թուրքական իշխանություններին պատշաճ արձագանքել այդ կոչերին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031