Վալերի Պերմյակովի դատավարության ժամանակ սկսեցին հարցաքննել սպանված տանտիրուհու քրոջը՝ Ռիտա Պետրոսյանին: Նա պատմեց, որ 2015թ. հունվարի 12-ին սովորականի պես արթնացել ու գնացել է քրոջ տուն՝ սուրճ խմելու. նա մի թաղ հեռու է ապրել: Ըստ Ռիտա Պետրոսյանի, առավոտյան իրենք պետք է գնային հիվանդանոց, հարսն ու տղան սպասում էին առաջնեկին: Սակայն ներքին ձայնը իրեն հուշել է չգնալ, փոխարենը գնալ քրոջ հետ սուրճ խմելու:
«Մոտեցա դարպասներին, բացեցի փականը, մոտեցա դռանը: Տեսա՝ դռան ապակին չկա: Հունվարի 7-ին մորս մահվան օրն էր: Այդ օրը քրոջս ընտանիքը նոր դուռ էր բերել, բայց չտեղադրեց: Մտածեցի՝ եղանակը տաք է, փեսաս որոշել է այսօր տեղադրի նոր դուռը: Բացեցի դուռը, սառնություն զգացի, երեխայի ձայները չլսեցի: Բացեցի հյուրասենյակի դուռը, տեսա Աիդային (տան աղջիկը): Մտածեցի՝ գազի՞ց է խեղդվել: Դեմքն ամբողջությամբ արյուն էր: Մտա մյուս սենյակ. քույրս ու փեսաս էին անհաղորդ պառկած: Մտա երրորդ սենյակ. Արմենը (Ավետիսյանների տղան) ընկած էր հատակին: Տեսա հարսին՝ անկողնու մեջ: Փոքրիկ Սերյոժային այլեւս չփնտրեցի, միայն բղավում էի՝ քույր, քույր…»:
Այդ խոսքի վրա Ավետիսյանների հարազատները սկսեցին աղիողորմ լաց լինել:
Ավետիսյանների դուստրը վատացավ, շտապօգնություն կանչեցին ու դատը ընդմիջվեց: Ավետիսյանների դուստրը բացականչում էր՝ «տվեք դրան վառենք-պրծնենք»:
Կարդացեք նաև
Դատարանի դահլիճում Ավետիսյանների դուստրը, մյուս հարազատները նստած են Պերմյակովի դեմ-դիմաց: Նրանք համոզված են, որ Պերմյակովին դատարանի դահլիճ են բերում թմրանյութի ազդեցության տակ, դրա համար էլ վերջինս անհաղորդ է, բացարձակապես շուռ չի գալիս:
Թե երբ կսկսվի դատավարությունը՝ պարզ չէ, քանի որ դատարանի դահլիճից դուրս հրավիրեցին բոլորին:
Ներսում միայն հարազատներն են ու շտապօգնության աշխատակիցները:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ