«Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» նախաձեռնության անդամ Սիլվա Ադամյանը Գյումրու կենդանաբանական մասնավոր այգու կենդանիների սարսափելի վիճակի համար մեղադրում է այգու տնօրենին՝ Ստեփան Վարդանյանին: Տիկին Ադամյանի խոսքով, Ստեփան Վարդանյանը Գյումրու նախկին քաղաքապետի եղբայրն է:
Ըստ նրա, կենդանիների վիճակը մի քանի ամսվա խնդիր չէ, ու այգում ավելի շատ կենդանիներ են եղել. «Որ կենդանիների վիճակը լավ չէ, մեր մեղքն էլ է, ես խոստովանում եմ, որ մենք՝ բնապահպաններս, ուշադիր չենք եղել»:
Տիկին Ադամյանն այսօր «Անդրադարձ» ակումբում պատմեց, որ սկզբում ցանկանում էին Գյումրու կենդանիներին տեղափոխել Երեւանի Կենդանաբանական այգի, բայց Երեւանում Գյումրու կենդանիներին չընդունեցին. «Ասացին տեղ ու պայմաններ չունենք»:
Նա նաեւ ասաց, որ Գյումրու երեք արջերին առաջիկա օրերին կտեղափոխեն Ռումինիա: «Բրիջիդ Բարդո» հիմնադրամն արդեն գումարներ է հատկացրել կենդանիների տեղափոխման համար:
Կարդացեք նաև
Իսկ Գյումրու առյուծների տեղափոխման առաջարկները բնապահպանները դեռ քննարկում են, տիկին Ադամյանը նախընտրում է կենդանիների համար ազատ տարածքները:
Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Սեւակ Բալոյանն էլ ասաց, որ նախարարությունը վերահսկում է մասնավոր կենդանաբանական այգիները, ու եթե կենդանիների վանդակները կամ պահպանման այլ պայմանները չեն համապատասխանում անհրաժեշտ նորմերին, սեփականատերերը տույժեր են կրում:
Ըստ նրա, բնապահպանական տեսչությունը տարածքային բաժինների միջոցով ստուգումներ էր իրականացրել, որոշակի միջոցներ ձեռնարկվել էին, բայց այգու սեփականատիրոջը պատասխանատվության ենթարկելու համար օրենքը ոչինչ չի սահմանում. «Օրենսդրական դաշտը ունի որոշակի բացեր ու այդ խնդիրները լուծելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ