Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հին ընկերները չեն դավաճանում, կարեւորը՝ ՀՅԴ-ն ՀՀԿ-ին չի դավաճանում» Գագիկ Մելիքյան

Հունվար 22,2016 13:35

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՅԴ-ՀՀԿ հնարավոր կոալիցիայի հետ կապված ասել էր, որ ՀՀԿ-ին գործիքներ են պետք, որ հանցավոր իրենց խմբի համար նոր լիցքեր եւ արյուն ապահովեն: Այս առնչությամբ մեր հարցին այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Ես վաղուց չեմ ցանկանում մեկնաբանել ընդդիմադիր իմ գործընկերուհու ասածները, որովհետեւ դրանք իրականությունից հեռու են: Որեւէ մեկն իշխանական եւ ընդդիմադիր ճամբարներում նման հայտարարություն չի արել, որ առաջիկայում պետք է կոալիցիաներ ձեւավորվեն: Ընդամենը գնում են զրույցներ, հանդիպումներ, որոնք նորություն չեն: Նման գործընթացն առաջիկայում կշարունակվի: Այո, տեղի է ունեցել հանդիպում ՀՀ նախագահի եւ ՀՅԴ-ի ղեկավարության միջեւ, զրույց, քննարկումներ, որոնց վերջնական արդյունքը դեռեւս հստակեցված չէ: ՀՀԿ խորհրդի նիստում այդ հարցը դեռեւս չի քննարկվել: Կոալիցիա ստեղծելու մասին խոսակցությունները դեռեւս օդում են: Խոսակցություններ են գնում ընդամենը քաղաքական համագործակցության մասին, որոնց նպատակը երկրում քաղաքական կայունության ապահովումն է»:

Հարցին վստահո՞ւմ եք ՀՅԴ-ի հավատարմությանը՝ նա պատասխանեց, որ վստահում են բոլոր ուժերին. «Ցանկացած քաղաքական համագործակցություն որեւէ երկրում վերջին հաշվով ժամանակավոր բնույթ է կրում, ընտրություններից առաջ են լինում սովորաբար եւ տեւում են մինչեւ հաջորդ ընտրություն: Մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած ուժի հետ, որը նման ցանկություն ունի»:

ՀՅԴ-ն ասում է՝ հին ընկերները չեն դավաճանում: Գագիկ Մելիքյանն ասաց՝ կարեւորը՝ ՀՀԿ-ին չեն դավաճանում. «Ես ողջունում եմ, որ ՀՅԴ-ն համառորեն գնում է իր քաղաքական հայտարարությունների իրականացմանը մաս առ մաս»:

Հարցին՝ ՀՅԴ-ի կողմից նախապայման դրվե՞լ է՝ նա վստահեցրեց, որ որեւէ նախապայման իրենց համար անընդունելի է: ՀՀԿ-ի բոլոր նախապայմանները բխում են մեր պետության շահերից:

Հարցին՝ պատկերացում ունե՞ք, թե ինչ պորտֆելներ են հանձնվելու՝ Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Դեռեւս պարզ չէ, թե կոալիցիան քանի քաղաքական ուժից կձեւավորվի, այդ կոալիցիան կլինի նախընտրական թե հետընտրական, դրանից հետո նոր կլինի պորտֆելների բաժանումը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031