Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պերմյակովը իրեն մեղավոր ճանաչեց (Տեսանյութ)

Հունվար 22,2016 13:26

Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում սկսվել է Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը:

Նիստը սկսվելուն պես` տուժողների իրավահաջորդների փաստաբանները միջնորդեցին դատարանին՝ Ռուսաստանի Դաշնությունից պահանջել Վալերի Պերմյակովի անձին վերաբերող բոլոր փաստաթղթերը: Օրինակ` այն, որ վերջինս առողջական խնդիրներ է ունեցել, սակայն զորակոչվել է զինվորական ծառայության, ճշտել՝ արդյոք քրեական գործ հարուցվա՞ծ է այս փաստի առիթով:

Արթուր Սաքունցը միջնորդեց պահանջել ռուսական կողմի մոտ գտնվող ամբողջ քրեական գործը, որպեսզի ճիշտ հարցադրումներ ուղղեն դատարանին, չստացվի այնպես, որ տալիս են հարցեր, որ չպիտի տային կամ բաց թողնեն որեւէ հարց: Դատարանը որոշեց հետաձգել այս միջնորդությունը, քննել այն ապացույցների հետազոտումից հետո, ինչը բավական զայրացրեց փաստաբաններին:

Արթուր Սաքունցը պնդում էր, որ Պերմյակովի կողմից զենքի ապօրինի կրման, տեղափոխման ու Ավետիսյանների ընտանիքի սպանությունը դատավորը հրաժարվում է համատեղ տեսնել: Նա նախ հայտարարեց, որ դատարանը որպես կողմ է հանդես գալիս, եւ հասկանալի չէ՝ ինչ տրամաբանությամբ խախտում է քրեական դատավարության օրենսգիրքը:

Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ ասաց. «Եթե դատախազը չի առարկում մեր միջնորդությանը, Վալերի Պերմյակովի պաշտպանական կողմը եւս համաձայն է, դուք ո՞ւմ շահն եք պաշտպանում»:

Այդուհանդերձ, դատարանը մնաց իր որոշմանը:

Դատախազն ընթերցեց Վալերի Պերմյակովի դեմ հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացությունը՝ ավազակությամբ ուղղորդված ապօրինաբար զրկել է մարդկանց կյանքից ու ապօրինի փորձել է խախտել հայ-թուրքական սահմանը:

Դատավոր Հարություն Մովսիսյանի այն հարցին՝ ամբաստանյալ, քեզ մեղավոր ճանաչո՞ւմ ես, Վալերի Պերմյակովը հայտարարեց՝ այո:

Նշենք, որ մեղադրական եզրակացության ընթերցանության ժամանակ երբ հերթը հասավ այն դրվագին, երբ Պերմյակովը զինդանակով հարվածներ է հասցրել մոր գրկում գտնվող փոքրիկ Սերյոժային, Ավետիսյանների հարազատները սկսեցին անեծքներ հնչեցնել ու լաց լինել:

Նկատենք, որ Ավետիսյանների հարազատները արհամարհում են «ոտքի, դատարանն է գալիս» պահանջը. նրանք ցուցադրաբար ոտքի չեն կանգնում: Վերջիններս նաեւ քննադատություններ են հնչեցնում դատավորի հասցեին, նրան մեղադրում կաշկանդված լինելու մեջ:

Այժմ սկսվում է տուժողների իրավահաջորդների հարցաքննությունը: Դատարանը որոշեց սկզբում լսել տուժողի իրավահաջորդներին, վկաներին, հետո նոր ամբաստանյալին:

Փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդեց դատարանի դահլիճից ուղիղ հեռարձակումը տալ առանց ձայնի:

Այժմ վկայություն է տալիս սպանված տանտիրուհու՝ Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031