Հունվարի 22-ին «Պոստ Սկրիպտում» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը Արամի 30 շենքին էլ անդրադարձավ: Նա ասաց, որ այն այդ ճակատագրին է արժանացել նույն մտայնության հետեւանքով, ինչի պատճառով քանդում են «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը: «Ցավոք, պետական գերակա շահին չի վերաբերում մշակույթը, իրենք դրա տակ հասկանում են միայն բանկային շահույթները եւ դրամական շրջանառությունը»,- շեշտեց -ճարտարապետը:
Aravot.am-ի դիտարկմանը, որ Երեւանի ավագանու անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանն Արամի 30 շենքի մասին ասել է, որ այն իրենից արժեք չի ներկայացնում եւ «սարայի» համար իմաստ չունի աղմուկ բարձրացնել, Սաշուր Քալաշյանը պատասխանեց. «Բոլոր հին կառույցներին էլ կարելի է «սարայ» պիտակը կպցնել, արտերկրում էլ կան այդպիսի «սարայներ», եւ հիմա բոլոր էդ «սարայները» թանգարաններ են: Մի օրինակ բերեն՝ Գյումրիում կա Ալեքսանդրապոլի ամրոցը, նման մի ամրոց Կարսում կա: Երբ Գյումրիի ամրոցի հատվածներից մեկը մասնավորեցվեց, դարձավ հյուրանոց, ես այցելեցի նմանատիպ Կարսի բերդ, ու տեսա, թե ինչ պահակախումբ է կանգնած, որ մի քար անգամ չպակասի, պետության դրոշակն էլ վրան: Հիմա մենք նրանից էլ ցածր ենք իջել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ