Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերգեյ Մինասյան. «ԼՂՀ ճակատում լայնամասշտաբ պատերազմը կլինի Իլհամի ավանտյուրան»

Հունվար 22,2016 13:05

Նավթի գների անկման ազդեցությունը Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքի վրա անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ, քանի որ փորձը ցույց է տալիս, որ երկրներն իրենց կամ իրենց հարեւանների անցյալից դասեր չեն քաղում: «Տեսակետ» մամուլի ակումբում, խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին, իր կարծիքը հայտնեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

«Ադրբեջանը մոտ 10 միլիարդ դոլար ծախսել է մանաթի կայունացման համար, բայց անօգուտ»,- ասաց քաղաքագետը`հավելելով, որ Ադրբեջանում այժմ վտանգավոր կետի են`ԿԲ-ի պահուստային եւ «նավթային ֆոնդն» են ծախսելու. «Սա խոսում է նրա մասին, որ Ադրբեջանի ֆինանսական անվտանգության խնդիր կա: Այդ երկրի քաղաքական եւ տնտեսական ղեկավարությունը պատրաստ չէր նման զարգացումների եւ հիմա արտակարգ իրավիճակում, արտառոց կամ արտակարգ քայլերի են գնում»:

Քաղաքագետը կարծում է, որ Ադրբեջանում սկսված բողոքի միջոցառումները չի բացառվու, որ սոցիալ-տնտեսականից քաղաքական բնույթ ստանան:

Հայաստանի կամ տարածաշրջանի վրա ադրբեջանական զարգացումների ազդեցություններից մեկը կարող է լինել ղարաբաղյան ճակատում նոր ռազմական գործողությունների ստեղծումը`ներքին իրավիճակը շեղելու համար: Ամեն դեպքում, Սերգեյ Մինասյանը կարծում է, որ սահմաններում լարվածությունը կպահպանվի:

Լայնամասշտաբ գործողությունների կգնա՞ Իլհամ Ալիեւը, թե՞`ոչ նա դժվարանում է կանխատեսել: «Դա տրամաբանական կլիներ, եթե գոնե անցած տարի աներ, հնարավոր կլիներ ներքին լարվածությունը զսպել: Հիմա արդեն ուշ է այդ ճանապարհով գնալ: Դա կբերի նման լարված իրավիճակում ուժայինների դերի բարձրացման, ինչը արագ կբերի Իլհամի վստահության եւ աջակցության ռեսուրսի վերջնական կորստի: Կարճաժամկետ հեռանկարում Իլհամի համար չափազանց վտանգավոր եւ թանկ կլինի գնալ նման ավանտյուրայի: Դա կլինի հուսահատության ճիչի նման մի բան, որն ավելի վատ պայմանների կբերի Իլհամի համար»,- ասաց բանախոսը`հիշեցնելով, թե ի՞նչ ճակատագիր ունեցան Ադրբեջանի այն ղեկավարները, այդ թվում՝ նաեւ հայր Ալիեւը, որոնք փորձեցին ներքաղաքական եւ ԼՂՀ հարցն օգտագործելով շարունակել իշխանությունը:

Նավթի գների նվազման միտումը կարո՞ղ է հանգեցնել նրան, որ ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում զիջումների գնա`հարցին, քաղաքագետը պատասխանեց. «Կարծում եմ, ոչ: Ադրբեջանում կարծում եմ, այժմ էլ սպասում են, որ Հայաստանում եւ ԼՂՀ-ում տնտեսական իրավիճակի վատթարացումը կստիպի գնալ միակողմանի զիջումների: Անգամ այս իրավիճակում իրենք, չեմ կարծում, թե պատրաստ են իրականությունն ընդունել»:

Վերջին տասնամյակում Ադրբեջանը 200 միլիարդ դոլար է ծախսել իր ռազմական բյուջեի վրա: Ըստ քաղաքագետի, եթե դա տնտեսական զարգացման վրա դրվեր, հիմա միգուցե Ադրբեջանն ավելի լավ իրավիճակում լիներ. «Բայց Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն այլ ճանապարհ ընտրեց»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031