Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուբեն Արեւշատյան. «Զվարթնոցի պարագայում գործ ունենք իշխանական քմահաճ վերաբերմունքի հետ» (Տեսանյութ)

Հունվար 22,2016 12:53

Հունվարի 22-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի ճակատագրի եւ Երեւանի ճարտարապետական տեսքի մասին խոսեցին ճարտարապետ Սաշուր Քալաշյանն ու արվեստաբան, համադրող, Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ Ռուբեն Արեւշատյանը:

Սաշուր Քալաշյանն ասաց, որ Զվարթնոց օդանավակայանի կլոր շենքի ճակատագրի վերաբերյալ իր մտահոգությունը դեռեւս երեք տարի առաջ էր ծնվել, 2013-ից սկսած դրվել է Հանրային Խորհրդի քննարկմանը եւ միշտ բացասական որոշում է կայացվել. «Քաղավիացիայի ներկայացուցիչը ամեն անգամ գալիս ու ասում էր, որ ինչ որոշում էլ կայացնի Հանրային խորհուրդը՝ վերջնական խոսքը կառավարությանն է, ինչպես էլ եղավ: Կառավարությունն իսկապես հապճեպ որոշում ընդունեց»:

Ճարտարապետը դա ապօրինի որոշում է համարում եւ անըմբռնելի՝ պետական առումով:

Ռուբեն Արեւշատյանի հիշեց, որ 2012թ, Վիենայի ճարտարապետական կոնգրեսում նոր գնահատականներ էին տրվել խորհրդային շրջանի ճարտարապետական ժառանգությանը, վերջում էլ ընդունվել էր բանաձեւ, որն ուղղված էր նախկին ԽՍՀՄ երկրների ղեկավարներին: Դրանով հորդորում էին, որպեսզի հատուկ ուշադրության առաջացնեն այդ շրջանի ճարտարապետական ժառանգությունը, քանի որ այն իրենից ներկայացնում է համաշխարհային մշակութային ժառանգության մաս:

Պարոն Արեւշատյանը փաստեց, որ Հայաստանը միակ հանրապետությունն էր, որ կառավարական մակարդակով արձագանքեց այդ կոչին, թե անհոգ եղեք, սովետական մոդեռնիզմի ժառանգությունը կառավարության ուշադրության ներքո է, սակայն դրանից քիչ ժամանակ անց սկսվեց «Զվարթնոցը» քանդելու պատմությունը:

Մասնագետների փաստմամբ, իբրեւ խորհրդային ճարտարապետության ակնառու նմուշների թվում են Սեւանի գրողների հանգստյան տունը, որն անգամ Վիեննական կոնգրեսի՝ սովետական մոդեռնիզմի կատալոգի շապիկին հայտնվեց, «Ռոսիա» կինոթատրոնը, Մարզահամերգային համալիրը, Հրազդան մարզահամալիրը:

«Ընդամենը հինգ-վեց տարի է, որ «Զվարթնոցի» շենքը չի շահագործվում, ու այն մարդիկ, որ օգտվում էին շենքից, նույն շենքի անվտանգության հետ կապված որեւէ ակնարկ չէին անում…Յուրաքանչյուրիս տուն էլ, եթե հինգ-վեց տարի չխնամվի, նույն նոր օդանավակայանը, այդ վիճակում կհայտնվի»,-շեշտում է Քալաշյանը:

Նաեւ հավելում է. «Հասարակության էլիտայում հազիվ թե գտնեք մեկին, որը հակառակ կարծիք հայտնի, թեեւ կառավարական մարմինների մեջ կլինեն մարդիկ, որ համաձայն չեն, բայց չեն կարող իրենց կարծիքը հայտնել…Իմիջիայլոց, վերջին նախագծով քանդվում է ամբողջ «Զվարթնոցի» պարագիծը, որի հավանությունն էլ կառավարության կողմից տրված է… Մինչդեռ բացառությամբ երեք սյունի, հսկայական էստակադայի մեջ այլ վնաս չկա: Մենք չենք կարծում, որ օդանավակայանը չպետք է մոդեռնիզացնել, բայց այդ ամենը չպետք է անել քանդման միջոցով»:

Ռուբեն Արեւշատյանի խոսքով, այս պարագայում գործ ունենք զուտ իշխանական քմահաճ վերաբերմունքի հետ, եւ մի կողմ են դրված գիտական մոտեցումները. «Մենք շատ մոտ ենք կանգնած գիտակցված իրականացվող վանդալիստական ակտին, որը ունենալու է իր շարունակությունը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031