Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ փողերը հայրենասիրության համար թափեմ եւ ձգեմ երթա՞մ». Արամի 30-ի կառուցապատող

Հունվար 22,2016 12:43

«Արամի փողոցը շատ նեղ առվակի նման փողոց է: Պետք է շրջանցել հրապարակը: Մայթ է պետք»,- այսօր «Հայելի» ակումբում Արամի 30 հասցեի ետնամասում կառուցապատվող շինության նախագծի հեղինակ ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանն այսպես արդարացրեց այդ պատմական շինությունը քանդելը:

Նրա խոսքերով՝ «տրանսպորտը խեղդել է էսօր Երեւանը, Երեւանը դարձել է տրանսպորտի քաղաք, հետիոտնին քիչ հնարավորություն ենք տալիս»:

Դիտարկմանը, որ Վենետիկ չե՞ք գնացել, նեղլիկ փողոցներն այնտեղի միայն հաճույք են պատճառում զբոսաշրջիկներին, քաղաքացիներին՝ ճարտարապետն արձագանքեց. «Վենետիկն իր լճերով ու նավակներով անհամեմատելի է Երեւանի հետ»:

Հարցին՝ ինչո՞ւ չեք հարցնում մեր կարծիքը, գուցե մենք նեղլիկ մայթեր էլ ուզում ենք՝ ճարտարապետը պատասխանեց, որ այդ կարծիքը հարցվել է, որ փաստաթուղթ են տվել իրենց ձեռքը:

Հարցին՝ Արամի 30-ը՝ մշակութային արժե՞ք էր ձեզ համար՝ ճարտարապետը պատասխանեց. «Ցանկացած քար, որ դրվել է իմ նախորդների կողմից, ինձ համար արժեք է: Բայց այդ տարածքը հայտարարվել էր գերակա շահ: Ինձ համար մեծ ցավ է այսօրվա Երեւանի պատկերը: Արամի 30-ը նպաստավոր տեղում չէր»:

Հարցին՝ տարիներ առաջ, երբ մեծ աղմուկ բարձրացավ՝ հայտարարեցիք, որ Արամի 30-ը չի քանդվելու, չգիտեի՞ք այն ժամանակ, որ մայթ է պետք՝ նա պատասխանեց. «Գիտեի, հյուրանոցի կառուցումը Արամի 30-ի հետ ոչ մի կապ չուներ: Ինձ բացատրեցին, որ դա հնարավոր չէ պահպանել»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե պարզվի, որ Ազգային պատկերասրահի շենքը, Մատենադարանի կամ որեւէ այլ շենք էլի գտնեն, որ նպաստավոր տեղում չէ, պետք է քանդե՞ք՝ նա պատասխանեց, որ «եթե շենքը գտնվում է կարմիր գծերից ներս, չեն կարող քանդել»:

Հարցին՝ Դուք էլ շատ շենքեր ունեք, եթե որոշեն քանդել եւ դրանք կարմիր գծերից դուրս լինեն՝ ի՞նչ կզգաք՝ Ալեքսանյանը պատասխանեց, որ իր կառուցած Դվին հյուրանոցը ողբալի վիճակում է, այդ շենքն էլ էին ուզում քանդել՝ կանգնեցրեցին. «Իսկ Արամի 30-ը քաղաքի միջավայրը բարեկարգելու համար է»:

Նա հիշեցրեց , թե Հյուսիսային պողոտային էլ էին դեմ, ուզում էին այն հակասանիտարական վիճակը պահպանել:

Մեր հարցին՝ հասկանում ենք, որ այդ որոշման բեռը Ձեր վրա չէ, բայց որպես քաղաքացի Դուք սերունդների առաջ վատ չե՞ք զգում այս քայլի համար՝ նա պատասխանեց. «Ես իմ սերունդների առաջ շատ հանգիստ եմ, ես շատ շենքեր եմ թողել հանրությանը»:

Ինչ վերաբերում է կառուցապատողին՝ Ավո Կարագուլյանին, հարցին՝ Ձեր սիրտը չի՞ ցավում, Դուք Ձեր հարցազրույցներից մեկում խոսում էիք հայրենասիրությունից, Կոմիտասից, նա այսպիսի պատասխան տվեց. «Իմ գործը ոսկերչությունն է: Ոչ մի ներդնող չի ուզում գեշ շենք ունենա, որ չծախվի: Կցանկանա, որ լավ շենք անի, դա բիզնես է: Ես քաղաքաշինությունից չեմ հասկնար: Ասում ենք ՝պիտի քանդենք, նոր մը շինենք: Իմ փողերը հայրենասիրության համար թափեմ եւ ձգեմ երթա՞մ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031