«Տոնը նվիրված է երիտասարդությանը: Երկար տարիներ այն հռչակվել է որպես երիտասարդների օրհնության օր, որն իր գեղեցիկ մարմնավորումն է ստացել եկեղեցում եւ ժողովրդի մեջ: Մարդիկ սիրում են այս տոնը: Շատերն են կրում Սարգսի անունը, դա սրբին ապավինելու դրսեւորումներից է»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում, խոսելով Սուրբ Սարգսի տոնի խորհրդի մասին, ասաց Արարատյան հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը: Հիշեցնենք, որ այս տարի Սուրբ Սարգսի տոնը նշվելու է հունվարի 23-ին:
«Սա ազգային տոն է: Ուրիշի տոնին վատ բան չենք ասում, բայց պարտավոր ենք մեր եկեղեցու եւ ժողովրդի գանձերը ժառանգել սերունդներին»,- նկատեց քահանան:
Նա փաստեց, որ Սուրբ Սարգսի կերպարը հայ ժողովրդին ուղեկից է անգամ ազգային էպոսում. «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր էպոսի հերոսներին հովանավորել է Սուրբ Սարգիսը: Նա բարեխոս է, որը խաչը տալիս է Դավթին: Հիշենք նաեւ, որ Սուրբ Սարգսին նվիրված շարականներ կան. ամեն երգից հետո խնդրում ենք՝ «Սուրբ Սարգիս, Քրիստոսի առջեւ մեզ համար բարեխոս եղիր»: Նահատակվելուց առաջ Սուրբ Սարգիսը խնդրել է Քրիստոսին՝ ով կհիշի իմ անունը, կատարիր նրա խնդրանքը»:
Կարդացեք նաև
Բեմադրիչ, ռեժիսոր Մարինե Ասատրյանն էլ կարծիք հայտնեց, որ յուրաքանչյուրը հավատքով պետք է սպասի իր ասպետին եւ բարեխոսություն խնդրի Սուրբ Սարգսից. «Սուրբ Սարգսի կերպարը մարմնավորողը պատահական ձիավոր չէ: Նա տարիներ շարունակ այդ առաքելությունն է ստանձնել: Նա խաղում է Արմեն Էլբակյանի անվան թատրոնում: Սուրբ Սարգսի բարեխոսությամբ էլ ստեղծեց իր ընտանիքը, երկու երեխա ունի»:
Մարինե Ասատրյանը հիշեց Սուրբ Սարգսի հետ կապված հրաշքի մասին. «Արցախ գնալու ճանապարհին էինք, ձմեռ էր, ճանապարհին՝ ձյուն եւ մառախուղ: Բոլորը քնած էին, ես առաջին անգամ էի ձմռանը գնում Արցախ: Վարորդի կողքին նստած՝ Սուրբ Սարգսի աղոթքն ասացի, եւ պատկերացնո՞ւմ եք՝ մառախուղը ցրվեց… Վարորդն ասաց՝ աղջիկ ջան, խոստովանիր՝ այդ ի՞նչ էիր անում: Ասացի, որ Սուրբ Սարգսի աղոթքն էի ասում…վարորդի խնդրանքով այդ թերթոնը նվիրեցի նրան»:
Հավելենք, որ վաղը Սուրբ Սարգսի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ: Կկատարվի Երիտասարդների օրհնության կարգ: Տոնին նվիրված միջոցառումների մասին՝ այստեղ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ