The Daily Mail բրիտանական պարբերականն անդրադարձել էր Գյումրու կենդանաբանական այգում տիրող վիճակին՝ հրապարակումը սկսելով հետևյալ կերպ. «Աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգում»։ Պարբերականը ցնցող լուսանկարներ էր ներկայացրել սովամահության մատնված արջերի ու առյուծների մասին, որոնք ստիպված են ապրել սպանդանոցի թափոններով՝ հայ օլիգարխի կողմից լքվելուց հետո։
«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը խնդրով մտահոգ կողմերը հայտարարեցին, որ խնդիրը նոր չի ծագել, այլ այն վաղուց էր առկա:
«Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» նախաձեռնության անդամ Արսեն Վարդանյանը նշեց. «Վերջին երկու-երեք տարիների ընթացքում պարզ դարձավ, որ սեփականատերը այգու հետագա խնամքի հարցերով ի վիճակի չէ զբաղվել: Տարածքում չկա ջուր, այգու աշխատակիցները ստիպված են ձեռքով կրել ու բերել ջուրը: Սննդի հետ կապված չկա ևս պայմանավորվածություն, թե որտեղից են ձեռք բերելու»:
«Փրո փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը վստահեցրեց, որ նման տարածքը այգի անվանելը ճիշտ չէ. « Այդ պայմաններում պահվող կենդանիների տարածքը չի կարող համարվել կենդանաբանական այգի: Դա պախարակում է մեր երկրի պատիվը: Առաջնահերթը երկարաժամկետ լուծումների մասին մտածելն է, մասնավորապես օրենսդրական խնդիրների կարգավորումը: Խնդիրը գլխառադ վերաբերմունքն է»:
Կարդացեք նաև
Նարե Արամյանը մտահոգություն հայտնեց, որ Daily mail-ի հրապարակումից հետո միջազգայիn մամուլի ուշադրությունը կենտրոնացած է ՀՀ-ում կենդանիների ազատությունների հետ կապված խնդիրների ուղղությամբ:
Կենդանաբույժների համաշխարհային ծառայության միջազգային բաժնի ղեկավար (WVS) Տագմար Մայերը ևս սարսափած է Գյումրու կենդանաբանական այգում ստեղծված պատկերով, սակայն նկատում է, որ կամավորների ջանքերով խնդիրը փոքր-ինչ բարելավվել է. «Արջերից մեկը, եթե չստանա կենդանաբուժական հրատապ օգնություն, շուտով կմահանա: Այստեղ պետք է հիշել, որ կենդանիների հինգ ազատությունները ՀՀ միջազգային պարտավորություններից է: Առաջարկում եմ`համախմբվեն տեղի կենդանապաշտպան կազմակերպությունները և զբաղվեն երկրից կենդանիների տեղափոխման հարցերով»:
Գյումրու քաղաքապետարանի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը նշեց, որ դեռ նախորդ տարվա հոկտեմբեր- նոյեմբերին, երբ հարցը բարձրացվել է, առաջին արձագանքողը եղել է քաղաքապետարանը: Սեփականատերերի հետ զրույցում քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել կենդանիների տեղափոխման հարցում աջակցություն ցուցաբերել, սակայն ապարդյուն. «Քաղաքապետարանն այդքան միջոցներ չունի, որ կարողանա կենդանիների ծախսերը հոգալ, բայց կենդանիներին Երևան տեղափոխելու հարցում քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել աջակցել»:
Տեղեկացնենք, որ խնդիրը լուծելու համար բնապահպանության նախարարության շրջանակներում հանձնաժողով է ստեղծվել հրատապ քայլերի իրականացման համար, խնդրի կարգավորման հարցում ներգրավվել են մի շարք միջազգային կազմակերպություններ: Աշխատանքներ են տարվում կենդանիներին Երևանի կենդանաբանական այգի տեղափոխելու, բուժելու, այնուհետև Ռումինիա տեղափոխելու ուղղությամբ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի