Շատ լավ է, որ Օզբիլիզը թուրքական ակումբ է տեղափոխվել։ Իհարկե, փաստ չէ, որ նա կխաղա այնտեղ, կամ կամրապնդվի հիմնական կազմում, քանի որ «Բեշիքթաշը» բավական լուրջ թիմ է եւ համալրված է բարձրակարգ ֆուտբոլիստներով։ Մենակ Կուարեժման հերիք է։
Բայց նույնիսկ միայն տեղափոխման փաստը կարեւոր է նրանով, որ Թուրքիայում կարող է հայ ֆուտբոլիստ խաղալ ու ոչ մի վնասի չենթարկվել։ Ավելին, թուրքերի մեջ կարող է վերջապես քանդվել այն կարծրատիպերից մեկը, թե հայերը առանց բացառության ատում են իրենց, մարդ չեն համարում, ամեն ինչ ռուսների ցուցումով են անում եւ այլն։
Արազ Օզբիլիզի տրասնֆերը բազմաթիվ հայեր են ողջունել՝ դրա մեջ տեսնելով հայ-թուրքական երկխոսության եւս մեկ պատուհան, առիթ։
Հիմա, ուզած-չուզած, ստիպված կլինենք մի փոքր ավելի հետաքրքրվել Թուրքիայով, հետեւել թուրքական ֆուտբոլին, թեկուզ թաքուն՝ բայց երկրպագել Օզբիլիզին, որ նա հաջողությամբ հանդես գա հարեւան երկրում։ Թուրքերն էլ մի փոքր ավելի շատ են հետաքրքրվելու հայկական սպորտով, ֆուտբոլով, հատկապես՝ Հայաստանի հավաքականով։
Ուրիշ բան ասենք. երեկ մարզական ընկերներով արդեն քննարկում էինք, թե ինչպես կարելի է դիտել «Բեշիքթաշի» մասնակցությամբ հանդիպումները, եթե իհարկե, Օզբիլիզն այնտեղ խաղա։ Միանգամից ասենք, որ դա բարդ խնդիր է։ Թուրքիայի ֆուտբոլի կարեւորագույն հանդիպումները ոչ մեզ հասանելի՝ թուրքական ալիքներով են հեռարձակում, ոչ էլ ինտերնետային տարբերակով։ Բա, արդեն լավ չի։
Այնպես որ, պետք է ողջունել Օզբիլիզի այս տրանսֆերը։ Մարզական առումով էլ կշահի, քանի որ ներկա պահին «Բեշիքթաշը» Չեմպիոնների լիգայի ուղեգրի հիմնական հավակնորդներից է։ Նորից ենք ասում, ոչ մի վատ բան չկա այս տրանսֆերում։
Առիթ է, շատ փոքրիկ, աննշան միգուցե, բայց առիթ է՝ միմյանց որպես հարեւան, այլ ոչ թե թշնամի դիտարկելու համար։ Հայ-թուրքական սահմանը, իհարկե, չի բացվի, բայց այդ ուղղությամբ կես սանտիմետր առաջխաղացում կլինի։
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում