«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է իր ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հարցազրույցը Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ առաջնորդ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:
-Նոր Նորքում վնասազերծված խմբի գործով ձերբակալվածների թիվն ավելանում է։ Ի՞նչ եք մտածում այդ պատմության մասին։
-Ներկայացնեմ իմ դիրքորոշումն այս հարցում: Պնդում առաջին. համաձայն եմ այն կարծիքին, որ Հայաստանում որքան շատ են տեղի ունենում ներքաղաքական աստառ ունեցող ձերբակալություններ, այնքան մեր երկրի վարկանիշն իջնում է ու հավասարեցվում Ադրբեջանին: Բայց սրանից չի բխում, որ հանցագործությունները չպետք է բացահայտվեն, ու հանցագործները չպետք է պատժվեն:
Պնդում երկրորդ. իրավիճակն այսպիսին է. ձերբակալել են ինչ-որ մարդկանց ու մեղադրում են ինչ-որ բանում: Չի կարող պատահել, որ մարդիկ հենց այնպես, անհիմն ձերբակալվեն, այսինքն՝ ինչ-որ բան, այնուհանդերձ, եղել է:
Կարդացեք նաև
Պնդում երրորդ. կա նաեւ մյուս` շատ կարեւոր հարցը. արդյոք ուժային կառույցները չե՞ն չափազանցնում կատարվածը` իրենց կշիռը բարձրացնելու համար եւ որքանո՞վ են չափազանցնում: Ես չեմ մեղադրում մեր ուժային կառույցներին, բայց ուժայինները, անկախ իրենցից, ներքին դրդապատճառներով պայմանավորված, կարող են մի քիչ ավելի ուռճացնել գործը` իրենց վարկը բարձրացնելու համար, որպեսզի ասեն` տեսե՜ք, ինչպիսի խոշոր գործ ենք բացել: Սա շատ վտանգավոր պահ է:
Հետեւաբար ուժային կառույցների հայտարարություններն ինձ համար ուղեցույց չեն, քանի որ մարդիկ կարող են տարբեր մտքեր հայտնել, անգամ կարող են ինչ-որ պլաններ մշակել, բայց դրանք լինեն հենց այնպես, օդում ասված, օդում էլ կախված խոսակցություն:
Այսինքն՝ պարտադիր չէ, որ մարդիկ գնան ու օդում հնչեցրած իրենց ինչ-որ մտքերն իրականություն դարձնեն: Իհարկե, այդ ամենը կարող է պարզ դառնալ միայն դատարանում: Դրա համար որքան շուտ գործը մտնի դատարան, այնքան շուտ ամեն ինչ կպարզվի, ու հասարակությունն էլ կհամոզվի, թե ինչն ինչոց է:
Ինչ վերաբերում անձերին, նրանց զգալի մասին ես ճանաչում եմ: Շիրխանյան Վահանն իմ ընկերն է, նրան շատ լավ գիտեմ, նրա ռոմանտիկ բնավորությունն էլ գիտեմ, բայց չեմ հավատում, որ Վահանը կարող է մասնակցություն ունենալ հայրենիքի դեմ ուղղված ինչ-որ լուրջ գործողության: Գիտեք, մարդիկ կարող են սրճարանում նստել ինչ-որ դժգոհություն հայտնել, ի դեպ, բոլորն էլ խոսում են, բայց խոսքից այն կողմ ես Վահանի պարագայում այլ բանի չեմ հավատում ու իմ կարծիքը շատ հստակ ասում եմ:
Ես բոլորից առանձնացնում եմ Վահան Շիրխանյանին, որովհետեւ երկար ժամանակ եմ աշխատել նրա հետ` 88-ի շարժումից սկսած, հետո կառավարությունում ու պաշտպանության նախարարությունում:
Մեր բանակի ստեղծման առաջին սերմը Անվտանգության կոմիտեն էր, որ ստեղծվեց իմ վարչապետության օրոք։ Վահան Շիրխանյանը հենց այդ կոմիտեի նախագահն էր, բանակի ձեւավորումը գնաց հենց այդ կոմիտեի շուրջ, Գուրգեն Դալիբալթայանն ու մյուսները կոմիտեի շուրջ հավաքվեցին: Դրա համար Շիրխանյանը` ոչ միայն ինձ համար, այլեւ հենց մեր երկրի կարեւորագույն կառույցի` բանակի ձեւավորման գործում շատ կարեւոր մարդ է:
Ես համարում եմ, որ այս գործը, մանավանդ երբ տարին նախընտրական է, շատ արագ պետք է մտնի դատարան, շատ արագ պետք է սկսվի դատական գործընթացը, այն պետք է լինի պարզ, թափանցիկ, որպեսզի հասարակությունը հասկանա, թե ինչ է կատարվում:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում