Լրահոս
Օրվա լրահոսը

 Խոսրով Հարությունյան. «Մենք ցանկացած քաղաքական գործընթաց սևացնելու վարպետ ենք դարձել». «Իրատես de facto»

Հունվար 22,2016 11:45

Տարին մեկնարկեց քաղաքական «վաճառքով» և տնտեսական խոր անկման գույժերով։ Երկու ասպեկտներին «Իրատեսի» հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը:

– ՀՅԴ-ն հայտարարել է, որ սկզբունքորեն դեմ չէ ՀՀԿ-ի հետ նոր կոալիցիա կազմելու առաջարկին։ Սա նշանակում է կոալիցիա մեկ տարո՞վ, թե՞ ընդամենը քաղաքական առևտուր։

– ՀՀԿ-ն լուրջ մեծամասնություն ունի Ազգային ժողովում, հետևաբար որոշումներ կայացնելու և իր կառավարությանն աջակցելու համար որևէ մեկի օգնության կարիքը չունի։ Ահա թե ինչու ՀՅԴ-ին արված այս քաղաքական առաջարկը չի կարելի պայմանավորել ԱԺ-ի այսրոպեական գործունեությամբ։ Հանրապետության նախագահի առաջարկը բխում է կայացած, փորձառու, կանխատեսելի վարքագիծ ունեցող կուսակցության հետ բազմաշերտ համագործակցության անհրաժեշտությունից։

Եվ եթե ավելացնենք, որ ՀՅԴ-ն այն քաղաքական միավորներից է, որն ունի հանրային կյանքի կազմակերպման իր տեսլականը և կայուն ընտրազանգվածը, ապա նման .համագործակցությունը դառնում է առավել պահանջարկված։ Այդպիսի գործընկերոջ հետ համագործակցությունը ակներև մեծացնում է իր ծրագրերն իրականացնելու ՀՀԿ-ի հնարավորությունները։ Ինչո՞ւ չօգտվել դրանից։

Անշուշտ, սա կոալիցիա չէ մեկ տարով։ Բացի վերը նշվածից, կարևոր է նաև այն, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ շատ հստակ հայտնեց սահմանադրական բարեփոխումներին իր պաշտպանության մասին։ Երկուսն էլ պարզ գիտակցում են, որ այս փոփոխությամբ ստանձնում են հանրային կյանքը որակապես այլ ուղի տեղափոխելու պատմական գործընթացի ողջ պատասխանատվությունը։ Այսինքն, ակնհայտ է, որ սա մեկ տարվա կոալիցիա չէ։

– Կոալիցիաներ սովորաբար կազմվում են ընտրությունների արդյունքում։ Այդպես չէ՞։

– Այո, կոալիցիաները կարող են կազմվել ընտրությունների արդյունքում, կարող են նաև ընտրություններին գնալու համար ձևավորվել։

– Ասել կուզի՝ սա նախընտրակա՞ն դաշինք է խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն ու դաշնակցությունը մեկ ցուցակո՞վ են գնալու։

– Չի կարելի որևէ բան բացառել։ Հնարավոր է, երկուսին միանա նաև երրորդը, որպեսզի կայուն մեծամասնություն ձևավորվի։ Նոր ընտրական համակարգի առավելությունն այն է, որ կարծրացած քաղաքական վարքագծին հակադրվում է մանևրելու մարտավարությունը։ Հետևաբար, սա մեկ տարվա համագործակցություն չէ, այլ կոալիցիա է, որը սկիզբ է առնում սահմանադրական բարեփոխումներով և ենթադրում է երկարաժամկետ քաղաքական պատասխանատվություն։

– Հանրային ընկալումներում այս գործընթացը դիտարկվում է որպես քաղաքական առևտուր պաշտոններ ունենալու համար։

– Մենք ցանկացած քաղաքական գործընթաց սևացնելու վարպետ ենք դարձել։ Կարող ենք այդ համագործակցություններին այնպիսի երանգ հաղորդել, որ անգամ նախաձեռնողների համար լինի անսպասելի։ Մինչդեռ կոալիցիան բնականաբար ենթադրում է համագործակցություն ոչ միայն ԱԺ-ում, այլև պարտավորությունների ստանձնում գործադիր իշխանությունում։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031