«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով պարզ հայերենով ասվում է. կուսակցությունը «նախատեսում է այնպիսի անձանց անդամակցությունը, որոնք, սույն օրենքին համապատասխան, չեն կարող լինել կուսակցության անդամ»։
Թեպետ «Հայկական վերածննդին» անդամակցող կուսակցությունները վաղուց, ըստ էության, լուծարված են, դրանք ուղղակի գոյություն չունեն, մի մասը՝ դե ֆակտո, մյուս մասը՝ դե յուրե։ Օրինակ՝ ում է հայտնի «Իմ տունը Հայաստանն է» անունով կուսակցությունը կամ «Միավորված հայեր»-ը, «Ազգի փրկություն»-ը եւ այլն։
Սակայն երեկ պարզեցինք, որ ոչ բոլորն են համաձայնել լուծարել իրենց կուսակցությունները եւ դառնալ նորի հիմնադիր անդամ։ Խորհրդի նիստին մասնակցել են ներկայացուցիչներ «Վերածննդի» մաս կազմող միավորներից, ՕԵԿ բոլոր պատգամավորները։
Մասնակցել են նաեւ «Միավորված հայեր», «Հայկանդուխտ», Լիբերալ ժողովրդավարական կուսակցություն, «Հայոց հայրենիք» եւ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ղեկավարները։ Մեր տեղեկություններով, միայն վերջինի ղեկավար Մովսես Շահվերդյանը չի ցանկացել լուծարել իր ՀԱՍԿ-ը։
Ինչո՞ւ չեք ցանկանում լուծարվել, մանավանդ, որ քաղաքական ակտիվ դերակատարում չունեք։ Մեր հարցից Շահվերդյանը նեղացավ ու պատմական էքսկուրս կատարեց. «Դուք երեւի չեք հիշում, բայց մեր կուսակցությունն էր, որ առաջացրեց էս ամբողջ թոհուբոհը, 1998-ին, համագումարում, մենք առաջադրեցինք Կարեն Դեմիրճյան նախագահի թեկնածությունը եւ մենք պաշտպանեցինք։ Մեր ծրագրերը կապված էին նրա գործունեության հետ, բայց պայմանավորվածությունն ավարտին չհասավ հոկտեմբերի 27-ի պատճառով, եւ դրանից հետո մեզ համար վատ ժամանակներ եղան»։ Շահվերդյանը հիշեցրեց, որ համապետական բոլոր ընտրություններին իրենք ակտիվ մասնակցություն են ունեցել։ «Րաֆֆի Հովհաննիսյանին, բացի իր կուսակցությունից, մենակ մենք էինք պաշտպանում»։
Ապա հիշեց, որ «Ծառուկյանի կողքին էին»։
Այսինքն, բոլորի անավարտ թողած գործի շարունակությունն է ստանձնել Արթուր Բաղդասարյանը. «Մենք անընդհատ գործընկեր ենք փնտրում արենայում, տեսնում ենք՝ ով է ավելի ակտիվ, որ համագործակցենք, թե ինչ կստացվի՝ դեռ վաղ է ասել»։
Իսկ կստացվի՞, նկատի ունենալով Արթուր Բաղդասարյանի նկատմամբ հասարակության վերաբերմունքը։ «Մենք էլ հենց դա ենք անելու, որ հանրային կարծիքի վրա ազդենք եւ քաղաքական ուժի դոմինանտ դերի խնդիրը լուծենք»։ Հիշեցնենք, որ ՀԱՍ կուսակցությունը ձեւավորվել է 2004-ին, Մովսես Շահվերդյանը վստահեցնում է, որ 3-4 հազար կուսակիցներ ունեն, երկու տարին մեկ էլ համագումար են արել, այս տարի էլ է սպասվում։
Խոսեցինք նաեւ «Ազգի փրկություն» կուսակցության նախագահ, ազատամարտիկ Սարգիս Կարապետյանի հետ։ Այս կուսակցության
անունը «Հայկական վերածնունդի» կայքում նույնպես ներառված է շարժման մաս կազմող 11 կուսակցությունների ցանկում։ Կարապետյանն ասաց, որ որոշել էր կուսակցությունը լուծարել, բայց փոշմանել է. «Իմ ընկերներն ասեցին՝ մի լուծարի, դեռ գործ ունենք Հայաստանում, հայ ժողովրդի համար»:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում