Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է նշանակում «բարի գործ»

Հունվար 22,2016 10:00

Հիշում եք, իհարկե, մեր ունեւոր մարդկանցից մեկը թոշակառուներին տանում էր Սեւան, խորոված ուտեցնում եւ հետո մեկ ժամանոց հաղորդում էր պատրաստում, որտեղ այդ տարեց մարդիկ հազարումի ձեւով շնորհակալություն էին հայտնում իրենց «բարերարին»: Չեմ հիշում՝ այդ ակցիան ունե՞ր արդյոք ինչ-որ քաղաքական, նախընտրական ենթատեքստ, թե՞ ոչ, բայց իմ կարծիքով՝ դա մեծ նշանակություն չունի: Եթե դու, փաստորեն, ստիպում ես մարդկանց, որ նրանք քեզ շնորհակալ լինեն, դա, հավանաբար, բարեգործություն չի: Դա առեւտուր է: Նույնն է, որ դու տաճարում ասես` Տեր Աստված, ես այնքան բարի գործեր եմ արել, դրա դիմաց մի հատ «Ինֆինիթի» պարգեւիր: Դա էլ է առեւտուր՝ շահախնդիր բարությունը, ինձ թվում է, բարություն չի:

Հասկանում եմ, իհարկե, որ ամեն ինչ սուբյեկտիվ է` ամեն մարդ ինքն է որոշում, թե ինչպես է պետք կառուցել սեփական հոգեւոր կյանքը, բայց իմ ընկալմամբ՝ իսկական բարեգործությունն այն է, երբ դու ոչ միայն ոչ մի շնորհակալության չես սպասում, այլեւ այն մարդը, որին դու օգնության ձեռք ես մեկնել, հնարավորություն էլ չունի իր երախտագիտությունը հայտնելու: Իսկ դա հնարավոր է այն ժամանակ, երբ դա իրականացվում է առանց «բարեգործի» անունը նշելու:

Հենց այդպիսի մի գովելի նախաձեռնություն է թոշակառուների համար անվճար հաց բաժանելու շարժումը: Ամեն ինչ շատ պարզ է` դուք 2-3 հարյուր դրամ եք ծախսում, գնում եք հացը եւ դնում եք այն դրա համար նախատեսված տեղում: (Այդ նախաձեռնությունը գործում է նաեւ Հայաստանում): Սուպերմարկետներում, որտեղ կան դրամարկղեր, տեսախցիկներ ու անվտանգության աշխատակիցներ, դա հեշտ է կազմակերպել, եւ վստահ եմ, որ այցելուների կեսը կարող է իրեն թույլ տալ այդ 2-3 հարյուր դրամը ծախսելը: Երբ որեւէ տարեց մարդ մոտենա եւ վերցնի այդ հացը, պետք չէ նրան հարցնել` արդյոք նա ունի՞ «Փարոսի» համապատասխան միավորներ. թող որ նրա զավակները միլիոնատերեր լինեն` եթե նա կարիք ունի անվճար հաց վերցնելու, ուրեմն թող վերցնի:

Դա պետք է ոչ միայն թոշակառուներին, դա պետք է մեզ բոլորիս` նախ գիտակցելու համար, որ մեր կողքին ապրում են խիստ կարիքավոր մարդիկ, եւ նաեւ` սեփական ինքնագնահատականը բարձրացնելու համար: Դա ինքնահաստատման ավելի լավ ձեւ է, քան բողոքելը, մեղադրելը եւ հայհոյելը: Եվ վերջապես, այդ նախաձեռնության մեջ ամենագնահատելին այն է, որ հաց վերցրած տարեց մարդը հնարավորություն չունի ձեզ շնորհակալություն հայտնելու` դուք նրան ուրախություն եք պարգեւում միանգամայն անշահախնդրորեն:

…Վերջերս կարդացել եմ մի մտավոր փորձի մասին: Ենթադրենք, դուք մետրոյի գնացքում եք, նայում եք մարդկանց դեմքերին եւ պատկերացնում եք, որ նրանցից ամեն մեկը մի այնպիսի նվեր է ստացել, որի մասին երազել է իր ողջ կյանքի ընթացքում: Դուք կնկատեք, որ մարդկանց դեմքերի արտահայտությունները փոխվում են: Դեպի լավը, իհարկե:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Karen says:

    ” թոշակառուների համար անվճար հաց բաժանելու շարժումը:”

    Իմ կարծիքով հիանալի առաջարկ է: Եթե Ձեր առաջարկին միանան մեկ կամ երկու հ/կ-ները, ապա հնարավոր է, որ մի բան ստացվի:

  2. Հիանալի առաջարկ է ու թոշակառուն ժպիտով կընդունի այդ քայլը, մտածելով որ այդ հացը վերցնելուն համաձայն են բոլորը: Իհարկե երանի այն օրը, որ մեր թոշակառուները ստանան այնքան թոշակ, որ ոչ միայն իրենց գոյությունը պաշտպանեն, այլ նաեւ հնարավորություն ունենան իրենց թոռներին ուրախացնել երբեմն մի պաղպաղակ հյուրասիրելով:

  3. Լավատես says:

    Մանկությունն ու ծերությունը շատ նմանությունններ ունեն, նման էլ վերաբերմունք պետք է ունենան: Տարօրինակ կթվա, բայց պատկերացնենք՝ կա մանկապարտեզ, ուրեմն պետք է ստեղծել պապիկ տատիկների պարտեզ, ուր նրանց տանում են առավոտները ու որտեղ նրանք զբաղվում են իրենց սիրած գործով, հետո նրանց երեկոյան տուն են բերում իրենց զավակները, իսկ ծերանոցը՝ դա մանկատան նման բան է: Կարճ ասած, մենք հայերս ունենք երեխաներին սիրել հարգելու հզոր մշակույթ, պետք է վերականգնել նաեւ մեծերին նման չափով սիրել հարգելու մշակույթը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031