Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ում հիշո՞ւմ են, թե ում հետ են փորձում դաշնակցել

Հունվար 22,2016 15:30

Հանրապետականների մասին
դաշնակցականների կարծիքների համառոտ ցանկ

ՀՅԴ-ն սկզբունքորեն դեմ չէ կոալիցիա կազմել իշխող ՀՀԿ-ի հետ: Օրերս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` վերջապես հաստատելով մամուլում տեւական ժամանակ շրջանառվող լուրերը, թե ՀՅԴ-ն նորից է ցանկանում կոալիցիա մտնել` իշխանական լծակներ տնօրինելու:

Քաղաքական կուլիսներում խոսակցություններ են պտտվում, որ ՀՅԴ-ն երեք մարզպետի պաշտոն է ուզում մինչեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները, որպեսզի ավելի վստահ կարողանա մասնակցել ընտրություններին եւ հնարավորինս բարձր տոկոսներ ամրագրի այդ ընտրություններում: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն կառավարությունից դուրս եկավ 2009 թվականին` Ցյուրիխյան հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումից հետո: Այդ արձանագրությունները դաշնակցականները որակեցին «ցյուրիխյան խայտառակություն», գործընթացը` «ցյուրիխյան ուրացում»: ՀՅԴ-ն սկսեց պահանջել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը, թեեւ այդ գործընթացում առանցքային պաշտոնյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր, ԱԳ նախարարն ընդամենը կատարող էր: Արձանագրությունները առկախվեցին թուրքական մեջլիսում, հայ-թուրքական հարաբերությունները այդպես էլ չբարելավվեցին, Հայաստանի նախագահը միջազգային բարձր ամբիոնից «գրողի ծոցը» ուղարկեց Թուրքիային էլ, արձանագրությունն էլ: Ավելին, այդ արձանագրություններն անգամ ՀՀ խորհրդարանից ետ կանչվեցին, բայց Հայաստանի ստորագրությունը շարունակում է մնալ այդ փաստաթղթի տակ: Այսինքն՝ պաշտոնական Երեւանը չի փոխել իր կարծիքը հայ-թուրքական հարաբերություններն այդ արձանագրություններում ամրագրված դրույթներով կարգավորելու հարցում: ՀՅԴ-ականները, հավանաբար, դեռ կխոսեն այն մասին, թե ինչպես են պատրաստվում համագործակցել «ցյուրիխյան ուրացման» հեղինակ եւ իրագործող Սերժ Սարգսյանի ու նրա ղեկավարած քաղաքական ուժի հետ:

ՀՀԿ-ի մասին այս տարիներին ՀՅԴ-ական գործիչների տված գնահատականները բավական խոսուն են:

2013 թվականի մայիսին ՀՀ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանն ասել է. «Ի՞նչ ասես՝ չլսեցինք, անգամ կրկեսային հնարքներ: Նախկինում ասում էիք` տղերք, մենք լավն ենք: Հետո ասում էիք` տղերք, մենք լավն ենք, դուք վատն եք: Հիմա էլ ասում եք` տղերք, մենք լավն ենք, դուք վատն եք, բայց եկեք համագործակցենք: Պատահական չէ գործադիր իշխանության մեջ այս զարգացումը, քանի որ դուք չեք կարող տեսնել այն, ինչ տեսնում ենք մենք` ծայրահեղագույն վիճակ: Եթե ուզում ենք համագործակցել, պետք է անկեղծ լինենք, բայց շատերը կանգնում են այստեղ ու հայտարարում, թե քաղաքական գնահատականը ժողովուրդը տվել է` վստահության քվե եք ստացել: Այդ դեպքում ինչո՞ւ եք ուզում համագործակցել, դուք ամենախելոքն եք, չէ՞: Հը՞ն, Գրիգորիչ, տենց ա, չէ՞: Բայց դուք հասկանում եք, որ իրականությունը դա չէ, դրանով են տարբերվում մեր ելույթները ձեր ելույթներից, գուցե երբեմն մեր ելույթները ջղային են, բայց ձեր մեջ կան մարդիկ, որոնք չարախնդում են: Ուզում եմ հարց տալ` եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ: Ուզում եմ հարց ուղղել պարոն Աշոտյանին, իր հարեւան Հրայր Թովմասյանին, կառավարության մյուս անդամներին` դուք, որ ձեր թեկնածությունը դնեք ընտրությունների ժամանակ, ու ձեզ չպաշտպանեն Հովիկ Աբրահամյանը, նախագահը, դատախազը, ոստիկանությունը, կհաղթե՞ք, ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ դուք կարտագաղթեք, տղերք: Դուք սիստեմ եք ստեղծել, որի միջոցով անընդհատ ասում եք, որ ժողովրդի կողմից քաղաքական գնահատական եք ստացել, բայց մի՞թե չեք տեսնում` ի՞նչ կատաստրոֆիկ վիճակ է, տեսնո՞ւմ եք, չէ՞: Փոխադարձ անվստահությունն էլ այնքան է խորացել, որ համագործակցության անկեղծ հրավերն էլ չի ընդունվում»:

2012 թվականին մի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանն ասել է. «Այսօրվա իշխանության (ՀՀԿ-ի) խոսակցությունները կայացած քաղաքական ինստիտուտների մասին, կայացած դատաիրավական համակարգի մասին, մեղմ ասած, ծիծաղ են առաջացնում։ Պաշտոնական քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց արդեն զանգվածային լրատվության բոլոր միջոցներից նախընտրական քարոզարշավը, նախընտրական աղբը լցվել է մեր տները։ Իշխանական ուժերը տարբեր «նվերներ» են բաժանում քաղաքացիներին, շատերն էլ դրանից ուրախանում են։ Արդյունքում այլասերվում է հասարակությունը, այլասերվում է քաղաքացին։ Գրեթե բոլոր քաղաքական ուժերի կարգախոսներում կա «հավատալ» բառը։ Դա խոսում է հասարակության մեջ հավատի կորստի մասին»:

2013 թվականին Երեւանի ավագանու ընտրությունից առաջ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասել է. «Դեռ նախընտրական քարոզարշավը չի սկսվել, բայց ամեն օր հեռուստատեսությամբ ականատեսն ենք լինում, որ գործող քաղաքապետը շրջայց է կատարում այս կամ այն վարչական համայնք: Սա միայն երեւացող կողմն է: Իշխանությունը նորից գործի է դրել վարչական իր ամբողջ ռեսուրսը` Երեւանից մինչեւ ամենահեռավոր մարզեր: Հերթով` մեկ առ մեկ, խումբ-խումբ կանչում են կուսակցության գրասենյակներ, ամենախիստ հանձնարարականներն են տալիս, ասում են` կգնաք, ցանկեր կկազմեք, այդ ցանկերը մենք ստուգելու ենք: Թաղային հեղինակությունները պտտվում են թաղերով, հավաքում են «լավ տղերքին», ասում են` սա մեր «ախպերության ընտրությունն է»: Արդեն սկսել են ֆինանսական ռեսուրսների մասին խոսել: Մարզպետները Երեւանում շտաբներ են բացել, դեռ քարոզչությունը չսկսած` այդ շտաբներն աշխատում են: Ու ամեն անգամ ասում են` այս ընտրությունները նախորդներից ավելի լավն են լինելու, բայց ավելի վատ է լինում: ՀՀԿ-ն, Գալուստ Սահակյանն ասում է. «Եթե մենք չհաղթենք, ի՞նչ կլինի Երեւանի վիճակը», պատասխանում եմ` եթե դուք չհաղթեք, հրաշալի կլինի, եթե դուք հաղթեք` շատ վատ կլինի»:

2014 թվականի փետրվարին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կառավարությանն անվստահություն հայտնելու ոչ իշխանական ուժերի պահանջին ի պատասխան՝ ասել էր. «Ղալա՜թ են անում», ինչին հակադարձել էր ՀՅԴ ԱԺ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը. «Ղալա՜թ ես անում, չ…՜խ»:
Սա բնավ էլ ամբողջական ցանկը չէ: Կոալիցիան լքելուց հետո ՀՅԴ-ականները պաշտոններ էին ստանձնում կամ պահում ստացած պաշտոնների մի մասը` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն, Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում ՀՀ հյուպատոս եւ այլն, ապա ՀՀԿ-ին քննադատում ամեն ինչի համար՝ կոռումպացվածություն, ծայրահեղ աղքատություն, անպատժելիություն եւ այլն: Հիմա ՀՅԴ-ականները ասելու են, թե ինչ ասել են՝ սո՞ւտ է, թե՞ պատրաստ են ՀՀԿ-ականների հետ կիսել այս մեղքերը, ընկերանալ ղալաթ անող, ուրացող «չ…խ»-ների հետ: Ասում են` ասա ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ.Գ. ՀՅԴ այս պահվածքը շատ նման է Արտաշես Գեղամյանի պահվածքին: Նա էլ՝ ինչ ասես, որ չասաց Սերժ Սարգսյանին, վերջինս նրան «դատարկ դհոլ» անվանեց, ու հետո Գեղամյանը մեծ ոգեւորությամբ դարձավ Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ պաշտպանը, թիմակիցն ու հետեւորդը` ԱԺ պատգամավորի մանդատը գրպանում:

 

«Առավոտ» օրաթերթ
21.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031