Օմբուդսմենի հրաժարականը հարցի լուծում չէ
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ իր հրաժարականի մասին արված հայտարարությունն այդպես էլ չբավարարեց հանրությանը: Օմբուդսմենի հրաժարականի պատճառներն այդպես էլ հանրության համար չհստակեցվեցին:
«Առավոտի» հետ զրույցում Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ առանց խնդիրները բացատրելու հեռանալը հարցի լուծում չէ: Պարոն Նավասարդյանի կարծիքով՝ սա այն դեպքը չէ, երբ պետք է ինքնուրույն եզրակացություններ անել հրաժարականի մասին. «Օմբուդսմենը հանրային դեմք է, եւ պետք է հենց իր կողմից առաջին հերթին բացատրություն ստանանք եւ ոչ թե ինքնուրույն կռահենք»: Մեր այն հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում կարծես վատ ավանդույթ է ձեւավորվում, երբ մարդու իրավունքների բոլոր պաշտպանները հեռանում են իշխանությունների հետ բախման եւ տարաձայնությունների պատճառով, պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Այն մարդիկ, որոնք աշխատում են մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության խորացման ուղղությամբ, բախվում են լուրջ խնդիրների, արգելքների ու դժվարությունների: Բայց եթե բոլորը հրաժարական տան, ի՞նչ կլինի: Նույնիսկ եթե անհաղթահարելի խնդիրներ են առաջանում, ապա հանրային կարծիքը, ուշադրությունը դրանց վրա հրավիրելը նույնպես շատ կարեւոր է»:
Պարոն Նավասարդյանը հույս ունի, որ Կարեն Անդրեասյանը դեռ կանդրադառնա իր հրաժարականի իրական պատճառներին, որպեսզի պարզ դառնա այն պատկերը, թե ինչն է խանգարել նրան աշխատել: Նշենք, որ Կարեն Անդրեասյանը հունվարի 19-ին իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր հրապարակել, որում մասնավորապես նշել էր. «Եթե 2016 թվականին էլ հենց ես մնայի Օմբուդսմեն, ապա այս կարեւորագույն ինստիտուտն այլեւս չէր լինի այնքան արդյունավետ, որքան դարձել էր երկար տարիների չարչարանքի շնորհիվ: Պատկերացնում եմ չարախոսներին, որ այս տողերից հետո ավելի մեծ կատաղությամբ կսկսեն պախարակել մեր կատարած նախկին աշխատանքը, բայց հուսամ՝ նրանք կփորձեն նաեւ այլ եղանակներով վաստակել իրենց օրվա հացը»: Ըստ Բորիս Նավասարդյանի՝ առայժմ այդ հայտարարությունը շատ քիչ բան է բացատրում. «Եթե մարդ մտնում է հանրային հարաբերությունների մեջ եւ որոշակի դերակատարություն է ունենում, դա արդեն մեծ պատասխանատվություն է, եւ այն ենթադրում է, որ եթե հեռանում ես այդ պաշտոնից, պետք է հանրությանը տեղեկացնես, թե որն է դրա իրական պատճառը»: Բորիս Նավասարդյանի համար Կարեն Անդրեասյանի՝ առանց բացատրության հեռանալը անընդունելի է. «Հանրային դեմքն իր ցանկացած կտրուկ քայլի բացատրությունը հանրությանը պետք է ներկայացնի: Եթե դա չի արվում, նշանակում է, որ չի կատարում նաեւ իր քաղաքացիական պարտքը: Հուսով եմ, որ դեռ կլինի բացատրություն»:
Որոշ փորձագետներ Կարեն Անդրեասյանի հրաժարականի պատճառը տեսնում են նոր Սահմանադրության ընդունման մեջ: Օրինակ՝ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը այսպիսի կարծիք էր հայտնել. «Անգամ իր մեկնաբանությունից նկատելի է, որ խոսքը վերաբերում է նոր Սահմանադրության օրոք այդ ինստիտուտի համար առաջանալիք խնդիրներին»:
Կարդացեք նաև
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը չի կարծում, թե Օմբուդսմենի հրաժարականի հիմնական պատճառը նոր Սահմանադրությունն է: Մեզ հետ զրույցում նա փոխանցեց. «Կարող եմ տեսնել հետեւյալը, որ ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը պետք է այն հեղինակությունն ունենա, որ նրա բարձրացրած հարցերը իշխանության կողմից լուծվեն»: Մեր այն հարցին՝ ո՞րն է պատճառը, որ մեր երկրում օմբուդսմենները միշտ իշխանության հետ բախման արդյունքում են հեռանում, պարոն Իշխանյանը պատասխանեց. «Պատճառն այն է, որ ամեն անգամ իշխանությունները մտածում են այնպիսի յուրային նշանակեն, որ իրենց համար գլխացավանք չառաջացնի: ՀՀ-ն բռնապետական երկիր չէ, եւ ամեն դեպքում հասարակական կարծիքը մեծ դերակատարություն ունի: Եթե Մարդու իրավունքների պաշտպանը նույնիսկ մեղմ հարցեր է բարձրացնում մարդու իրավունքների հետ կապված, դա եւս բացարձակ դուր չի գալիս իշխանությանը, եւ կոշտ արձագանք են տալիս ցանկացած քննադատության: Իրենց հոգեբանության եւ մտածողության մեջ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը չկա»: Ըստ Ավետիք Իշխանյանի՝ ՀՀ-ում մարդու իրավունքների ցանկացած պաշտպան երկու ճանապարհ ունի՝ կա՛մ հարմարվի իշխանությանը եւ չքննադատի, ինչպես բռնատիրական երկրներում՝ Ադրբեջան, Կենտրոնական Ասիա, եւ այդ դեպքում նա կվարկաբեկվի հանրության աչքի առաջ, կա՛մ բարձրացնի հարցեր մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ՝ այդ դեպքում անցանկալի անձ դառնալով իշխանության համար: Ըստ պարոն Իշխանյանի՝ սա ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանի ոլորտում եղած հիմնական խնդիրն է: Պարոն Իշխանյանը այս տեսանկյունից ելնելով՝ համարում է, որ ճիշտ կլինի այս ինստիտուտն անվանել «Սիզիփոսի ինստիտուտ»:
Օմբուդսմենի պաշտոնի հավանական թեկնածուների շարքում շրջանառվում էր նաեւ Ավետիք Իշխանյանի անունը: Հետաքրքրվեցինք՝ իրեն տեսնո՞ւմ է այդ պաշտոնում, պարոն Իշխանյանը եզրափակեց. «Բացառում եմ իմ թեկնածության առաջադրումը եւ առանց մեկնաբանության»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.01.2016