Լրահոս
Օրվա լրահոսը

Դիրքապահ զինվորի սպանությունն իր հանրային վտանգավորության աստիճանով ամենաբարձրն է

Հունվար 22,2016 13:30

Գնդացրորդ Արմեն Հրաչյայի Սարգսյանին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է 11 տարվա ազատազրկման: Նա մեղադրվել էր համածառայակցի՝ շարքային Գեւորգ Արտեմի Ավագյանի սպանության համար: «Առավոտին» երեկ տուժողի մայրը՝ արմավիրցի Սիրանույշ Դավթյանը, ասաց, թե դժգոհ է դատավճռից եւ որ իր որդուն դաժանորեն սպանածի համար ավելի բարձր պատժաչափ է պահանջելու: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ղեւոնդ Պապոյանն էլ ասաց, թե պատրաստվում են դիմել քրեական վերաքննիչ դատարան:

«Տղաս ծառայում էր Հադրութի զորամասում: Ծառայության ընթացքում խնդիրներ չեն եղել: Նրա տուն գալուն հինգ ամիս էր մնացել: Տղայիս լավ ծառայության համար մի քանի անգամ արձակուրդ են ուղարկել: Դեպքից քսան օր առաջ էլ նրան արտահերթ արձակուրդ էին տվել»,- ասում է մայրը:

Ըստ զինվորի մոր՝ արձակուրդից հետո երբ գնում է զորամաս, նորակոչիկի հետ կապված խնդիր է ունենում: «Բառեր չկան, 93 փամփուշտ է արձակվում որդուս վրա: Իմ տղային փակ են վերադարձրել ինձ»,- հուզված պատմում է մայրը:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ 2014 թվականի հուլիսի 18-ին, ժամը 06-ից 08-ն ընկած ժամանակահատվածում, Արմեն Սարգսյանը, որպես դիտորդ ծառայության նշանակված լինելով նշված զորամասի մարտական դիրքի առաջնագծի դիտակետում, ժամը 06:30-ի սահմաններում իր կողմից դիտակետում քնելու առիթով վիճաբանել է նույն հերթափոխի դիտորդ, պարտադիր ժամկետային զինծառայող՝ շարքային Գեւորգ Ավագյանի հետ, որի ընթացքում վերջինիս կողմից իրեն հայհոյելու համար «վրեժ լուծելու շարժառիթով, սպանություն կատարելու դիտավորությամբ», իրեն ամրակցված ԿԳ տեսակի «ԼՏ 496» համարի գնդացրից կրակահերթ է արձակել Գ. Ավագյանի ուղղությամբ, ինչի հետեւանքով վերջինս ստացած բազմաթիվ հրազենային վնասվածքներից մահացել է:
Դեպքի նախորդ օրը տղան խոսել է հոր հետ: Ինչպես պատմեց Գեւորգի հայրը, որը ազատամարտիկ է, որդուն հարցրել է՝ ի՞նչ ուղարկի «դիրքեր». «Պատասխանեց՝ ոչ մի բան: Իրեն դիրքերից իջեցրել, նորից հանել էին, վիճակը թեժ էր: Չգիտեմ՝ ինչ հանգամանքներ են եղել, որ տղայիս սպանել է: Իմ տղան, որը Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետն էր ընդունվել իր ուժերով, չէր կարող որեւէ մեկին վիրավորել»,- ասում է հայրը:

Տուժողի ծնողները մասնակցել են առաջին ատյանի դատերին, որը նախ ընթացել է Ստեփանակերտի դատարանում, ապա՝ Գորիսի:

Gevorg_Avagyan-3

Մահացած զինծառայողի մայրն ու հայրը:

«Միակողմանի էր դատը: Մի կրակոցի դեպքում 18, 15, 16 տարի են տալիս, իսկ տղայիս 93 փամփուշտի վնասվածք են հասցրել: Այս պահին, եթե թշնամին տեսներ, կասեր, թե ինչ է կատարվում դիտակետում, համածառայակիցների ձեռքով»,- ասում է Սիրանույշ Դավթյանը:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ղեւոնդ Պապոյանի տեղեկացմամբ. «Փորձագիտական եզրակացությունների համաձայն՝ Գ. Մանուկյանի վերքային խողովակները եւ զրահաբաճկոնի վնասվածքներն ունեն ինչպես առջեւից՝ հետ, այնպես էլ հետեւից՝ առաջ ուղղություններ, սակայն ինչպես նշված փորձաքննության եզրակացություններով, այնպես էլ գործի քննությամբ չի պարզվել այն հանգամանքը, թե վնասվածքներ ստանալու պահին ինչպիսին է եղել տուժողի հնարավոր դիրքը, եւ ինչպես կարելի է բացատրել հետեւից՝ առաջ, առջեւից՝ հետ նրա վնասվածքներ ստանալու հանգամանքները:

Վնասվածքներ ստանալու պահին տուժողի հնարավոր դիրքը եւ գործի համար կարեւոր նշանակություն ունեցող այլ հարցերը պարզելու համար իմ կողմից ներկայացվել է դատաբժշկական եւ դատաձգաբանական համալիր փորձաքննություն նշանակելու միջնորդություն, սակայն դատարանի 22.10.2015թ. որոշմամբ այն մերժվել է՝ պատճառաբանությամբ, թե միջնորդության մեջ առաջ քաշված հարցերի պատասխաններն արդեն իսկ հստակ եւ սպառիչ կերպով տրվել են դատաձգաբանական եւ դատահետքաբանական համալիր փորձաքննության թիվ 34751403 եւ դատաբժշկական փորձաքննության թիվ 704/22 եզրակացություններով»:

Ի դեպ, նախաքննական մարմնի կողմից սույն գործին կցված պաշտպանության բանակի հրամանատարին հասցեագրված ՊԲ հրամանատարի թիկունքի գծով տեղակալ-թիկունքի պետ, գնդապետ Մ. Միքայելյանի զեկուցագրի համաձայն՝ Գեւորգ Ավագյանին սպանելու փաստի կապակցությամբ անցկացված ծառայողական քննության արդյունքներով հաստատվել է, որ շարքային Արմեն Սարգսյանը ծառայության ընթացքում իրեն դրսեւորել է ոչ դրական կողմերով, դժվար է հարմարվել ծառայությանը, խուսափել է բոլոր տեսակի միջոցառումներից, դժվարությամբ է յուրացրել ֆիզիկական, շարային, մարտավարական պարապմունքները: 2014թ. մայիս ամսվա ընթացքում նա երեք անգամ ենթարկվել է կարգապահական տույժերի՝ օրվա կարգացուցակը, ներքին կարգուկանոնը խախտելու ու ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար: Իրավահաջորդի ներկայացուցիչը «Առավոտի» հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց նաեւ, որ նախաքննական մարմնի կողմից հարցաքննվել է շարքային Արտուշ Ավետիսյանը: Վկան ցուցմունք էր տվել, որ 2014թ. հունիսի 2-ին կամ 3-ին, ժամը 3- 5-ն ընկած ժամանակահատվածում, լսել է տուժող Գեւորգ Ավագյանի բարձր ձայնը, որը ամբաստանյալ Արմեն Սարգսյանին ասել է՝ «Խի՞ ինձ հրեցիր գցեցիր, բա որ մի բան լիներ, զենքս էլ գցեցիր ներքեւ», իսկ Արմեն Սարգսյանը պատասխանել է՝ «Լավ եմ արել, ճիշտ եմ արել»: Լսել է նաեւ, որ Գեւորգ Ավագյանը Արմեն Սարգսյանին հարցրել է, թե՝ «Բա խի՞ ինձ քֆուր արեցիր», իսկ Արմեն Սարգսյանը պատասխանել է՝ «Լավ եմ արել, ճիշտ եմ արել»:
Արտուշ Անդրանիկի Ավետիսյանը ցուցմունք է տվել նաեւ դեպքի հանգամանքների մասին:
Ղեւոնդ Պապոյանն ասում է, որ միջնորդել է շարքային Արտուշ Ավետիսյանին որպես վկա հարցաքննել, սակայն դատարանը իր որոշմամբ անհիմն մերժել էր:
Նշենք, որ այս գործով վկաներից Մեսրոպ Մովսիսյանը, Աղասի Գեւորգյանը, Արսեն Հակոբյանը, Կարեն Հարությունյանը եւ Վահան Շողունցը դատարանում ցուցմունք են տվել, որ լսել են երեք կրակահերթի ձայներ:

Gevorg_Avagyan-2

Սպանված զինվորի գործով փաստաբան Ղ. Պապոյանը:

«Տուժող Գ. Ավագյանի դիակի վրա առկա է եղել ինչպես հետեւից՝ առաջ, այնպես էլ՝ առջեւից հետ թվով 93 վնասվածք: Ամբաստանյալը եղել է ԿԳ տեսակի գնդացրորդ: Նա ծառայության ընթացքում անցել է համապատասխան դասընթացներ եւ տեղեկացված է եղել, թե 6 մետր հեռավորությունից ԿԳ տեսակի գնդացրի մեկ փամփուշտը ինչպիսի վնաս կարող է հասցնել: Հետեւաբար ամբաստանյալի կողմից ԿԳ տեսակի գնդացրով 6 մետր հեռավորությունից տուժողի վրա երեք անգամ կրակահերթ արձակելու, տուժողի վայր ընկնելուց հետո որոշ դադարներով երկրորդ եւ երրորդ անգամ կրակահերթեր արձակելու, 100 փամփշտանոց ժապավենը երեք կրակահերթով գրեթե ամբողջությամբ տուժողի վրա դատարկելու, դիակն ամբողջությամբ այլանդակելու եղանակով տուժողին կյանքից զրկելը կարող է վկայել հանցավորի կողմից առանձին դաժանություն դրսեւորելու մասին»,- ասում է Ղեւոնդ Պապոյանը:

Մինչդեռ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը ամբաստանյալի կողմից տուժողին կյանքից զրկելու նշված եղանակին պատշաճ գնահատական չի տվել: Հետեւաբար անհիմն է դատարանի այն եզրահանգումը, որ նախաքննական մարմնի կողմից ամբաստանյալի արարքը իրավաբանորեն ճիշտ է որակվել:

Փաստաբանը վերաքննիչ դատարան դիմելով՝ ուշադրություն է հրավիրելու նաեւ հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանին եւ բնույթին: «Ամբաստանյալը տուժողին կյանքից զրկել է այն ժամանակ, երբ վերջինս հերթապահություն է իրականացրել պետական սահմանի առաջնային գծում՝ այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածում, ինչպես նաեւ այժմ, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից իրականացվում են դիվերսիոն հարձակումներ: Ակնհայտ է, որ նման իրավիճակում պետական սահմանի առաջնային գծում հերթապահություն իրականացնող դիրքապահ զինվորի սպանությունն իր հանրային վտանգավորության աստիճանով ամենաբարձրն է, մինչդեռ դատարանը պատիժ նշանակելիս չի քննարկել նշված հանգամանքներով պայմանավորված՝ վերոհիշյալ հանգամանքները եւ ամբաստանյալի նկատմամբ նշանակել է ոչ արդարացի ակնհայտ մեղմ պատիժ»,- ասում է Ղ. Պապոյանը: Դատարանը մեղադրող կողմի պնդմամբ՝ ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի չի առել հանցանքի ծանրությունը, պատիժ նշանակելիս չի գնահատել այն հանգամանքը, որ հանցագործությունից հետո էլ ամբաստանյալը տուժող կողմի նկատմամբ դրական վարքագիծ չի դրսեւորել, միջոցներ չի ձեռնարկել տուժողի ընտանիքի հետ հաշտվելու ուղղությամբ: Ամբաստանյալը նույնիսկ դատարանում տուժող կողմի նկատմամբ դրսեւորել է ագրեսիվ վարքագիծ:

«Մարդասպանը շատ դաժան է եղել: Քննիչը շահադիտական նկատառումներ է ունեցել՝ փոխելով մի շարք հանգամանքներ: Դատարանում էլ դատավորը, դիմելով մեզ, նկատողություն արեց, դուրս հրավիրեց՝ ասելով, թե մեր պահվածքը դուր չի գալիս իրեն: Այդ դատավորը իր տղային սպանողի ճակատը պաչելո՞ւ էր: Հեգնական դատ արեցին, գնա ինչ ուզում ես՝ արա»,- ասում է զինվորի մայրը: Նրա երկրորդ որդին պետք է ծառայեր բանակում, սակայն եղբոր մահվանից հետո խորը դեպրեսիա է տանում, ամեն անգամ դպրոցից գնում է գերեզման:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարում` Գեւորգ Ավագյանը՝
զինծառայության տարիներին:

«Առավոտ» օրաթերթ
21.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031