Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներկայիս ավերը ջնջում է Երեւանի ոչ վաղ շրջանի աշխարհիկ ողջ անցյալը»

Հունվար 22,2016 13:00

Մտավորականները արձագանքում են Երեւանի պատմությունը ջնջելուն
Արամի 30 հասցեում գտնվող շենքն այլեւս չկա: Այն գիշերով քանդվել է. քաղաքապետարանի մեկնաբանությամբ՝ Արամի եւ Աբովյան փողոցների մայթերը ընդլայնելու նպատակով: Տարածքի սեփականատերը «ԱՎՈ ՖՄՀ» ՍՊԸ-ի տնօրեն Ավեդիս Կարագուլյանն է, քաղաքաշինական ծրագիրը նախագծող ճարտարապետը՝ Աշոտ Ալեքսանյանը: Վերջինս մամուլում ասել էր, թե շենքը բարի նպատակով է ոչնչացվել՝ Երեւանը տրանսպորտային սթրեսից փրկելու համար: Թեմայի վերաբերյալ կրքերը շարունակվում են լարված մնալ:

«Առավոտն» այս մասին զրուցեց արձակագիր, բանասիրական գիտությունների դոկտոր Դիանա Համբարձումյանի հետ: «Իմ կարծիքով՝ հին Երեւանը ոչնչացնելու ակնհայտ մոլուցքը շատ խոսուն է՝ ճշմարիտ չլինելու համար: Այլ խնդիր է, թե ինչո՞ւ է իշխող այդ չարաբաստիկ միտումն այսօր: Իմ պատասխանը մեկն է. նա, ով քանդում է հին քաղաքը, հին շինությունը, հին երկիրը, կարեւոր, շատ կարեւոր հետքեր վերացնելու խնդիր է լուծում, ուստի եւ՝ թշնամին է երկրի պատմության, մշակույթի, ժողովրդի եւ պետության, որի ապագան ուրվագծվում է գորշ ու ծանծաղ, եթե անցյալն ավեր է ու այդքանով՝ ոչ վավեր: Սա անվիճելի է: Սարսափելի ժամանակի վկան ենք, ցավոք»,- նշեց արձակագիրը:

Արվեստագետ Սահակ Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել. «Էս Սահմանադրություն գրողին ասենք՝ «թող ուղղում մտցնի նոր Սահմանադրության մեջ… Նոր Սահմանադրությունը պետք է սկսվի այսպես՝ Հայաստանի Հանրապետությունը ազատ, անկախ, ինքնիշխան պետություն է, որը խոստանում է այսուհետեւ չքանդել իր պատմական հուշարձաններն ու շենքերը Երեւան քաղաքում»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ երբ խոսում ենք «քաղաքի անցյալը ջնջելու» մասին, խոսում ենք գլխավորապես միջնադարի կամ վաղ միջնադարի շուրջ: «Երեւանը որպես «կենտրոն» քաղաք համեմատաբար երիտասարդ անցյալ ունի, նրա վարչական «անցյալը» գլխավորապես ռուսական կայսրության Էրիվանի նահանգի կենտրոն լինելու հանգամանքն է եւ այնուհետեւ՝ Հայաստանի առաջին հանրապետության ու խորհրդային Հայաստանի մայրաքաղաք լինելու շրջանը: Խորհրդային վաղ շրջանում ավերվեց Երեւանի կրոնական ճարտարապետական անցյալը, բայց աշխարհիկ շինությունները զանազան ձեւերով պետականացվելով՝ պահպանվեցին: Իրականում սա նույնպես երեւանյան քաղաքային մշակույթի ոչնչացում էր, քանի որ այդ մշակույթն, իհարկե, միայն ճարտարապետությունը չէ: Այդ մշակույթի կրողները գլխավորապես մարդիկ են: Երեւանի՝ հատկապես կենտրոնի, քսաներորդ դարի սկզբի ավանդական բնակչությունը գլխավորապես «առեւտրական» դասի մշակույթի բնակչությունն էր, որը բոլշեւիկյան տրամաբանությամբ՝ «հակասովետական-հակահեղափոխական» էր: Այս մարդկանց ամեն կերպ դուրս մղեցին իրենց բնակության վայրերից, եւ, իհարկե, ընդհատվեց Երեւանի քաղաքային մշակութային ժառանգորդումը: Նրանց տեղը գրավեցին պրոլետարների բոլշեւիկյան առաջնորդները եւ մասամբ՝ Ցեղասպանությունից փրկված փախստականները, հատկապես վանեցիները եւ պոլսահայերը: Շատ փոքր, լղարիկ շերտ կազմեց նաեւ դեռեւս Մյասնիկյանից սկսված ռուսաստանյան հայ մտավորականների հավաքի հետեւանքով Հայաստան տեղափոխված մարդկանց խումբը: Սկսվում էր նոր քաղաքային մշակույթի ձեւավորումը, որը որոշ իմաստով ռուսաստանահայ, թիֆլիսահայ, պոլսահայ եւ Վանի մշակույթների սիբիոզ էր՝ պրոլետարական մշակույթի հենքին:

Երբ հրատարակվեց Երվանդ Շահազիզի «Երեւանի պատմությունը», հեղինակին հրապարակավ մեղադրեցին նացիոնալիզմի մեջ եւ կղերա-բուրժուական թեքումներում: Թամանյանին հեշտ չի եղել Երեւանը կառուցել: Հատկապես երեսնականներին նրան Խորհրդային Հայաստանի Կոմկուսի բերիական դրածոները անթաքույց համարում եւ անվանում էին «նացիոնալիստ»: Բերիայի կադրերը համարվող Հայաստանի Ժողկոմխորհի նախագահ Գուլոյանն անթաքույց արհամարհանքով էր վերաբերվում Երեւանը կառուցող Թամանյանի աշխատանքներին, իսկ երկրորդ քարտուղար Ամատունին բարձրաձայն ասում էր՝ «Ի՞նչ պետք է այստեղ օպերա, Թիֆլիսում կա՝ բավական չի՞» (Ասպետական հոգիներ/Գարուն, 1987, թիվ 11, էջ 49): Այս մարդիկ 1936-ի փետրվարի 21-ին, ինչպես պատմում է այդ ժամանակ «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագիր Ռ. Աթայանը, Ա. Թամանյանին «նացիոնալիստ» պիտակավորելով՝ չեն համաձայնվել Խանջյանի հետ միասին ստորագրել Թամանյանի մահախոսականի տեքստը, եւ վրդովված Ա. Խանջյանը միայնակ է ստորագրել այն (Ռ. Աթայան: Ասպետական հոգիներ, էջ 49: Մահախոսականի տեքստը տե՛ս «Խորհրդային Հայաստան», 1936, փետրվարի 22, կամ` «Աղասի Խանջյան: Հոդվածներ եւ ճառեր», Երեւան, «Հայաստանի պետական հրատարակչություն», 1963, էջ 460-461): Իսկ երբ Ա. Խանջյանի բացակայության շրջանում լուր են ստացել, որ ֆրանսիական նավով Փարիզից Բաթումի նավահանգիստ է հասել հայ մեծ երգահան, Հայոց ցեղասպանությունից հետո ներանձնացած Կոմիտասի աճյունը, մարդ են ուղարկել Բաթում՝ վերադարձնելու: Նավապետը չի համաձայնվել ետ տանել աճյունը, իսկ երբ Խանջյանը կարգավորել է Բերիայի թույլտվությամբ Կոմիտասի դին Հայաստանում թաղելու հարցը, թաղմանը չեն մասնակցել (Ռ. Աթայան: Ասպետական հոգիներ, էջ 49): Սա մեր եւ Երեւանի քաղաքային պատմության մասն է, երեւանյան քաղաքային ավանդական մշակույթի ոչնչացման ու նոր, խորհրդային մշակույթի ձեւավորման ակունքները»,- ասում է տիկին Խառատյանը:

Նաեւ հավելում է. «Կռիվներով, բանսարկություններով, երազանքներով, աշխարհայացքների ու ճաշակների բախումներով ձեւավորված երեւանյան մշակույթը կրկին ամբողջովին քանդվում է: Այդ ավերն սկսվել է 20-րդ դարի 90-ականներին, երբ Երեւանի կենտրոնի՝ բոլշեւիկյան պրոլետարականի եւ մտավորական-քաղաքականի խառնուրդ բնակչության կողմից վաճառվող բնակարաններն սկսեցին բնակեցվել նոր սերնդի նորելուկ օլիգարխներով ու նորահարուստներով: Սրանք նախ եւ առաջ կտրուկ փոխեցին խորհրդային շրջանի Երեւանի կենտրոնի մարդկային հարաբերությունների ու կենցաղի մշակույթը: Ամեն գնով «օպերայի մոտերքը» տուն ունենալու մոլուցքը չհանգեցրեց օպերայի ֆունկցիոնալ որակի բարձրացմանը, փոխարենը կենտրոնը վերածվեց «մանրածախ առեւտրականի» հոգեբանությամբ մշակութային միջավայրի: Այնուհետեւ սկսվեց Երեւանի Կենտրոնի ճարտարապետական դիմագծի դիպվածային փոփոխությունը: «Դիպվածային» բառն այստեղ նշանակում է՝ առանց հեռանկարային տեսլականի, առանց մշակութային ծրագրի, շենքեր, շենքեր… Ներկայիս ավերը ջնջում է Երեւանի ոչ վաղ շրջանի աշխարհիկ ողջ անցյալը՝ թե ճարտարապետական, թե առօրյա, թե բարձր կամ պատմական-մշակութային: Ջնջում է հիշողությունը: Այսօրվա Երեւանը ուրարտական շրջանը վկայող 2800-ամյա անցյալի եւ դեռեւս անհասկանալի ներկայի՝ միմյանց հետ ոչնչով չկապված գոյություններ են: Պատկերացնենք մի տարեց մարդու, որի ձեռքին կա իր ծննդյան վկայականը, որից հետո՝ հայելի, որին նայում է տարեց մարդը եւ չգիտի՝ ինքը ով է: Ծննդյան վկայականում կան անուն-ազգանուն, հետո՝ դատարկություն է, չկա կենսագրություն, չկա անձնագիր, չկա աշխատանքային գրքույկ, չկա հիշողություն, չկա ոչ մշակութային, ոչ նյութական ժառանգություն, չկա իր կենսագրության որեւէ հաստատում: Մարդուն ասել են, որ սա՛ է քո ծննդյան վկայականը, եւ մարդն անընդհատ բազմացնում է այդ ծննդյան վկայականը՝ իր անձի գոյությունը հաստատելու համար: Այդ մարդու մնացած բոլոր փաստաթղթերը վերացրել են, իրենից խլել են եւ արխիվներից հանել ոչնչացրել են հիմքերը: Մարդը չափահասությունը, հասունությունը, կենսագրությունը, առհասարակ անցյալը վկայող ոչինչ չունի, գումարած դրան՝ հիշողություն էլ չունի: Կամ՝ հիշողության դրվագներ կան՝ Երեւանի բերդի գրավումը, Պասկեւիչի արձանը, Մյասնիկյանի արձանը, Թամանյանի արձանը… Հիմա, ասում են՝ Երեւանի քաղաքապետարանը ուզում է մի նոր այգի հիմնել՝ Երեւան քաղաքի 2800-ամյակի առթիվ, այսինքն՝ կրկին պատճենում է ծննդյան վկայականը: Հետաքրքիր է՝ եթե քաղաքապետարանին առաջարկենք Երեւան քաղաքի յուրաքանչյուր հինգ հարյուր տարվա համար մի վկայական պատրաստի՝ ի՞նչ պիտի առաջարկի, օրինակ, «Երեւանը մ.թ. սահմանագծին», «Երեւանը քրիստոնեության ընդունման շրջանում», «Երեւանը մ.թ. 10-րդ դարում», 15-րդ դարում, 19-րդ դարում… Գոնե մեկական կենդանի նմուշ…»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031