Ծանրամարտի Հայաստանի հավաքականները Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք են անցկացնում: «Առավոտ»-ը երեկ ներկա եղավ կանանց ընտրանու մարզումներին եւ զրուցեց գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի հետ:
«Հունվարի 15-ին սկսված այս հավաքին մասնակցում են Հռիփսիմե Խուրշուդյանը, Նազիկ Ավդալյանը, Քրիստինե Պետրոսյանը եւ Աննա Գովելյանը: Սոնա Պողոսյանն ու Իզաբելլա Յայլյանը մի փոքր վատառողջ են, դրա համար այստեղ չեն: Նախապատրաստվում ենք ապրիլի 8-ին Նորվեգիայում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը, որը դիտարկում ենք օլիմպիական խաղերից առաջ կարեւոր ստուգատես: Նպատակ ունենք բարձր կիլոգրամներ ցույց տալ, իսկ մինչեւ օլիմպիական խաղեր դրանք ավելացնել եւս 5-ական կիլոգրամով: Եթե հաջողվի, Ռիոյում աղջիկների մասնակցությունը, կարծում եմ՝ հաջող կլինի»,- ասաց պարոն Ներսիսյանը:
Հարցին՝ քանի՞ հոգի է մասնակցելու Եվրոպայի առաջնությանը եւ կարելի՞ է հայտարարել Ռիո դե Ժանեյրո մեկնող մեր երկու աղջիկների անունները, մարզիչը պատասխանեց. «Եվրոպայի առաջնություն կարող ենք տանել մինչեւ վեց հոգու: Բայց ամեն ինչ պարզ կլինի փետրվարի 15-ին մեկնարկող Հայաստանի առաջնությունից հետո: Ովքեր մոտ կլինեն մեդալներին, նրանք էլ կմեկնեն: Նազիկ Ավդալյանն անպայման մեկնելու է Նորվեգիա, որպեսզի լրացնի երկրորդ վարկանիշային մրցաշարը օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքի համար: Այսօրվա վիճակով օլիմպիական խաղերին առաջին հերթին նախապատրաստվում են Հռիփսիմեն ու Նազիկը: Բայց մյուս աղջիկներն էլ նրանց հետ հավասար մարզվում են, որպեսզի, Աստված մի արասցե, եթե հարկ լինի՝ փոխարինեն»:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.01.2016