Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հորս համար սին խոսքեր չէին հայրենասիրությունն ու սերը»

Հունվար 22,2016 12:00

Անվանի քանդակագործ Արա Հարությունյանի դստեր հիշողությունները

Այս տարի քանդակագործ-մոնումենտալիստ, գծանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ եւ ՀՀ գեղարվեստի ակադեմիաների թղթակից անդամ, պրոֆեսոր Արա Հարությունյանը կդառնար 88 տարեկան:

Արվեստագետի հեղինակած 40-ից ավելի հուշարձանները, կոթողներն ու հուշարձանային համալիրները իրապես զարդարում են Հայաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Մոլդովայի եւ շատ այլ պետությունների քաղաքների փողոցները, հրապարակներն ու զբոսայգիները: Աշխարհում լայնորեն ճանաչված ու սիրված լինելով հանդերձ՝ մեծանուն արվեստագետն ապրեց ու ստեղծագործեց Հայաստանում: Նրանք, ովքեր գոնե մեկ անգամ շփվել են Վարպետի հետ, առիթի դեպքում հիշատակում են նրա հետեւյալ միտքը՝ ստեղծագործողը երբեք չի ծերանում, ինչպես որ չի ծերանում իսկական արվեստի էությունը՝ հավերժական ճշմարտությունը:

Ամանորին Երեւանում էր արվեստագետի մոսկվաբնակ դուստրը՝ պատմական գիտությունների թեկնածու, արեւելագետ Սուսաննա Հարությունյանը: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ նա մեկ առ մեկ հիշեց հոր ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում գտնվող աշխատանքները: Մեր զրուցակիցը, հիշեցնելով, որ հայրը Հայաստանում հուշարձանային համալիրների հիմնադիրն է, սկսեց դրանց թվարկումը՝ Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի քանդակային համակազմը, Մուսա լեռան հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը եւ այլն:

sayat-nova

Սուսաննա Հարությունյանը հիշեց նաեւ ճանաչված արվեստաբան, արվեստաբանության դոկտոր Բորիս Զուրաբովի խոսքերը. «Հարությունյանի ստեղծագործությունը մեր առջեւ բացում է նկարչի աշխարհը, այն մարդո՛ւն է ուղղված՝ լինի քաղաքի փողոցներում, արվեստանոցում, թե ցուցասրահներում: Ամենակարեւորը՝ որ դրանցում կան անկեղծություն, հուզմունք, որոնք եղել եւ մնում են որպես արվեստի ամենաթանկ հատկանիշներ»: Ասվածն, իհարկե, ամբողջությամբ կարող ենք հասցեագրել, դստեր հավաստմամբ, վարպետի ամենասիրած ու ճանաչված հուշարձանին՝ Երեւանում տեղադրված Սայաթ-Նովային նվիրված աղբյուրին (1964թ.): Մեր զրուցակցի խոսքերով՝ հորը ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում մշտապես ուղեկցել է Կոմիտասի կերպարը, եւ վարպետը դեռեւս ուսանողական տարիներից է սկսել կերտել Վարդապետին: Փաստորեն, Հարությունյանի դիպլոմային աշխատանքը եղել է Կոմիտասի մահարձանը, որը շահել է մրցույթում եւ տեղադրվել Երեւանի պանթեոնում, երաժշտի շիրմին:
«Հայրիկիս հուզում ու հետաքրքրում էին այն մարդկանց ճակատագրերը, ում քանդակում էր, օրինակ՝ 1976թ. պատերազմի վետերանների կոմիտեի խնդրանքով նա կերտեց Ֆրանսիայի հակաֆաշիստական դիմադրության ղեկավար Միսաք Մանուշյանի «Ազատության մարտիկ» արձանը: Մանուշյանի դիմադրության խմբում տարբեր ազգության մարդիկ են եղել՝ հրեաներ, ռուսներ, լեհեր, իտալացիներ եւ այլն: Հայրս հիացմունքով պատմում էր, թե ինչպես քաջ ու հանդուգն Միսաքը առանց զենքի դուրս է եկել ֆաշիստների դեմ…»,- հիշում է դուստրը:

mayr-Hayastan

Մեր զրուցակցի բազմաթիվ հիշողություններից արժանահիշատակ է նաեւ հետեւյալը. սովորական մի օր Հարությունյանների ընտանիքը լուրերից տեղեկանում է, որ տապալել են ամենակոռումպացված տիրակալներից մեկին՝ Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոսին, ում փոխարինել է Ասիայի պատմության մեջ առաջին կին նախագահը: Քանդակագործը պոռթկում է ու ասում՝ էս ի՜նչ հետաքրքիր կին է, նրան ո՜նց կքանդակեի… 1988թ. Վարպետը մեկնում է Սինգապուր եւ Ֆիլիպիններ: Ֆիլիպիններում ԽՍՀՄ դեսպանության կազմակերպած ընդունելության ժամանակ բարձրաձայնում է իր ցանկությունը: Ընդամենը մեկ սեանս աշխատելով՝ նա քանդակում է տիկին Ակինոյին:
Սուսաննա Հարությունյանը ցավով խոսեց ժամանակին Երեւանում տեղադրված Բանվորի հայտնի արձանի մասին. «1982թ. կանգնեցվեց Բանվորի չուգունե արձանը: Պետք է ասեմ, որ Երեւանի այդ անհրապույր տարածքը ստացավ ավարտուն տեսք ու անվանվեց Աշխատանքի հրապարակ… 1990թ., երբ ամեն ինչ փլուզվեց, անձեռնհաս չինովնիկները, փորձելով նվազեցնել իշխանությունների հանդեպ կուտակված լարվածությունն ու դժգոհությունը, այն ուղղորդեցին հուշարձանի դեմ… Այդ մասին մենք իմացանք հեռախոսազանգից. հայրս շատ ծանր տարավ վանդալիզմի նման դրսեւորումը…»: Մեր զրուցակիցը, քանիցս նշելով հոր հայրենասիրության մասին, առանձնահատուկ շեշտեց, որ նրա համար սին խոսքեր չէին հայրենասիրությունն ու սերը ժողովրդի հանդեպ: Նա պաշտում էր Հայաստանը. «Պատահական չէ, որ հենց հորս վստահվեց հեղինակել Երեւանի ու Հայաստանի խորհրդանիշ հանդիսացող Մայր Հայաստան հուշարձանը»:

komitas

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Արա եւ Սուսաննա Հարությունյանները (1997թ.):

«Առավոտ» օրաթերթ
21.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031