Երիկամները մաքրելու ընթացքում
օգտագործեք միրգ-բանջարեղեն, կաթնաշոռ, դոնդող
Երիկամները լյարդի հետ մեկտեղ համարվում են մեր օրգանիզմի ֆիլտրերը՝ հեռացնում են հեղուկը, մաքրում են վնասակար նյութերից եւ կարգավորում են ջրաաղային հավասարակշռությունը:
Արեւելյան բժշկության մասնագետ Հասմիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երիկամների վատ աշխատանքը կարող է դառնալ լսողության վատացման, ինչպես նաեւ քրոնիկ հոգնածության ի հայտ գալու եւ ջերմության բարձրացման պատճառ: Ըստ մասնագետի՝ երիկամները համարվում են կյանքի արմատները, եւ անքնությունը, գիշերային քրտնարտադրությունը, տհաճ տեսողական զգացողությունները, ընդհանուր գրգռվածությունները կարող են համարվել երիկամային էներգիայի պակասի հետեւանք: «Այս օրգանները վերահսկում են նաեւ մեր օրգանիզմի ոսկրային հյուսվածքի, ոսկրածուծի ֆունկցիաները, ընդհանուր աճը, զարգացումը եւ վերականգնումը: Երիկամները վերահսկում են մարմնի հեղուկները եւ նրանց պաթոլոգիական փոփոխությունները, այտուցների առաջացումը, հաճախամիզությունը կամ անմիզությունը»,- նշեց տիկին Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ մեր այս օրգանները նաեւ իրենց «ձեռքում» են պահում մեր բնավորության այնպիսի գծեր, ինչպիսին է քաջությունը: Այսինքն՝ ըստ բժշկուհու, երիկամներից հիվանդ մարդիկ վախկոտ են լինում: «Եթե լյարդը կապված է տեսողության, ապա երիկամները՝ ականջների հետ, այսինքն՝ եթե լսողության հետ խնդիրներ կան, ուրեմն երիկամները պետք է ստուգվեն. լսողության թուլություն, ականջներում աղմուկ: Երիկամների մաքրումով մեր թոքերի, անգամ սրտի պարկի մեջ հեղուկներ չեն կուտակվի»,- ասաց մասնագետը:
Նրա խոսքով՝ երիկամները հաճախ տուժում են կենսակերպի հետեւանքով. ոչ ճիշտ եւ անորակ սնունդը, ջրի որակը, որով պատրաստվում է մեր սնունդը, ծխելը, ալկոհոլը, ավելի հաճախ մեծ քանակությամբ գարեջուրը, դեղերի օգտագործումը, սթրեսները, գերհոգնածությունը՝ այս ամենը բերում են երիկամների քարերի առաջացման:
«Երիկամների մաքրումը կարգավորում է թթվահիմնային հավասարակշռությունը, դուրս է բերում քարերը, ավազը, նույնիսկ կուտակված լորձը եւ ավելորդ հեղուկը: Տնային պայմաններում մաքրում կատարելը վտանգավոր է, եթե քարերը 1 միլիմետրից մեծ են, քանի որ մաքրումը կհանգեցնի քարերի տեղաշարժի, որոնք էլ կարող են մտնել միզածորան, եւ կառաջանա վիրահատական միջամտության անհրաժեշտություն»,- նշեց տիկին Խաչատրյանը:
Նրա խոսքերով՝ եթե երիկամների մաքրման ընթացքում լինեն ծակոցներ, միզարձակման ընթացքում՝ մրմուռ, եւ բութ ցավեր՝ գոտկատեղում, ապա այդ ցավերը նորմալ են: Դա ցույց է տալիս, որ ամեն ինչ նորմալ է, ավազներն ու շլակները դուրս են գալիս, եւ երիկամներն ակտիվ աշխատում են: Այդպիսի ցավերի դեպքում բժշկուհին խորհուրդ է տալիս ընդունել նաեւ տաք լոգանք:
«Մաքրմանը ազդում են մրգերը, հատապտուղների հյութերը, թուրմերը՝ համակցված ճիշտ սննդի հետ: Մաքրման ընթացքում մեկ օր պետք է սահմանել բեռնաթափման օր, որի ժամանակ պետք է խմել միայն ջուր: Այնուհետեւ մաքրման ընթացքում ուտել շատ բանջարեղեն, միրգ եւ առանց ջերմամշակման սնունդ, խմել շատ ջուր, հյութեր, կոմպոտներ: Օրվա ընթացքում ուտել քիչ քանակությամբ, բայց ավելի հաճախ, քան սովորաբար, եւ որ կարեւոր է՝ ուշ ժամերի ոչինչ չուտել»,- ասաց Հասմիկ Խաչատրյանը: Նա նաեւ բացառեց սննդակարգում սուր համեմունքների, մսային արգանակների, թունդ սուրճի եւ ալկոհոլի ներառումը, ինչպես նաեւ շոկոլադի եւ թխվածքաբլիթների, աղ դրված, ապխտած պանիրների, յուղոտ տեսակի մսի եւ ձկան օգտագործումը:
Ըստ բժշկուհու՝ խորհուրդ է տրվում օգտագործել երկրորդ կարգի ալյուրով թխված հաց՝ թեփախառն, բանջարեղենային ապուրներ, ձավարեղենից պատրաստված ճաշատեսակներ, ոչ յուղոտ միս, ձուկ, շոգեխաշած կոտլետներ, խաշած բանջարեղեն, շիլաներ եւ ձու, որը օրական մեկից ավելին դարձյալ վնասակար է:
«Օգտակար են կեֆիրը, կաթը, կաթնաշոռը, թանը, բուսական յուղը, չրեղենից պատրաստված կոմպոտները, կիսելը, դոնդողը, թարմ մրգահյութերը, ամառվա ընթացքում՝ ձմերուկը, սեխը: Մաքրումը կատարում են տարեկան 2 անգամ, 2 շաբաթ տեւողությամբ, իսկ եթե ավելի լուրջ խնդիրներ կան՝ մինչեւ 1 ամիս: Կարելի է նաեւ մաքրման ընթացքում խմել երիկամները մաքրող թեյեր, ինչպես նաեւ եգիպտացորենի մազիկներից պատրաստված թուրմ»,- նշեց տիկին Խաչատրյանը:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
21.01.2016