Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՌԻԿ ՄԱՐԴԸ

Հունվար 22,2016 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ տասնվեցերորդ

ԲԱՑԱՌԻԿ ՄԱՐԴԸ

Եվ Վարուժն ասաց՝ «ես էլ եմ շատ ուշ իմացել, որ Աբոն «Շիրակի մեղեդիների» քավորն ա», եւ ես Վարուժին հարցրի՝ «ինքն ասե՞ց», եւ Վարուժն ասաց՝ «լա՜վ ասող ես գտել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «լրիվ ուրիշ մարդուց եմ իմացել», եւ ես Վարուժին հարցրի՝ «որ իմացար, քավորին ի՞նչ ասեցիր», եւ Վարուժն ասաց՝ «ոչ մի բան էլ չասեցի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հո չէի ասի, որ էդքան վախտ իրան չեմ ճանաչել», եւ ես հարցրի՝ «ասում ես՝ հիմի Ալթունյանի անսամբլում ա՞ երգում», եւ Վարուժն ասաց՝ «ինքը ոչ թե էդ անսամբլի սովորական երգիչներից ա, այլ հիմնական ու գլխավոր սոլիստն ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ էլ եմ էդ նույն մարդուց իմացել. էդ մարդն էդ անսամբլի ադմինիստրատորն ա, դրա համար էլ Աբոյի կենսագրությունը ծերից ծեր անգիր գիտի» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «էդ ադմինիստրատորը, որ ընկերոջս ընկերն ա, ասեց, որ առանց Աբոյի էդ անսամբլը չի պատկերացնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «թե չէ՝ Աբոյին որ մնար, իրա մասին ոչ մի բան էլ չէի իմանա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ինքը լենինականցի ա, բայց ահավոր համեստ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը լավ էլ շատախոս ա, բայց իրա մասին համարյա չի խոսում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ամեն ինչի մասին խոսում ա՝ բացի  իրանից», եւ մեր էդ խոսակցության ամբողջ ընթացքում Վարուժն իր սուրճը խմելով՝ իր նոր սկսած նկարն էր շարունակում, եւ ես իմ սուրճը խմելով՝ լուսամուտից «Շիրակի մեղեդիների» քավոր Ալբերտ Սարգսյանին ու ջրի հերթ կանգնած մյուսներին էի հետեւում, ու էդ ընթացքում եւս մի քանի անգամ քամին քավորի ճաղատը բացեց, եւ ամեն անգամ ձեռքի սովոր ու վարժ շարժումով քավորն իր մազերը նախկին վիճակին էր բերում, եւ էդ ամբողջ ընթացքում ջրի հերթ կանգնածները մոտենում էին քավորին ու ինչ-որ բան էին ասում, եւ քավորն էլ էր նրանց ինչ-որ բան ասում, եւ ով որ իր դույլը  լցնում էր, անմիջապես լքում էր հերթը, մինչդեռ «Շիրակի մեղեդիների» քավոր եւ Ալթունյանի անսամբլի մեներգիչ Ալբերտ Սարգսյանը շարունակում էր մնալ եւ ինչ-որ ցուցումներ տալ հերթ կանգնածներին, եւ ես իր նոր նկարով տարված Վարուժին ասացի՝ «էդ քավորը ոնց որ տուն գնալու միտք չունի», եւ  Վարուժը թարս նայեց ինձ ու ասաց՝ «մարդ քեզ մի բան չասի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հիմի մի տարի էդ Աբոյից ես խոսալու» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «ինչի ես ուզում, որ էդ մարդը տուն գնա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «էդքան նայեցիր, բայց չհասկացար, որ էդ մարդը ոչ թե ջրի հերթ ա կանգնել, այլ էդ ջրի հերթն ա պաշտպանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ ինքը հերթը չպաշտպանի, կարող ա իրար ուտեն», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ պիտի իրար ուտեն. հարեւան չե՞ն», եւ Վարուժը  հերթական վրձնահարվածը տալով  պատասխանեց ու ասաց՝ «հարեւանը հարեւան են, բայց ամեն մեկն ուզում ա մյուսից առաջ ընկնի» եւ  մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ամեն մեկն ուզում ա իրա զոռբայությունը ցույց տա», եւ ես Վարուժին հարցրի՝ «որ զոռբա են, ո՞նց են  քավորին ենթարկվում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «առաջ դժվար թե ենթարկվեին, բայց քանի որ արդեն  բոլորը գիտեն, որ ինքը «Շիրակի մեղեդիների» քավորն ու Ալթունյանի անսամբլի սոլիստն ա, հիմի իրան ավելի են հարգում ու ենթարկվում», եւ ես մի քիչ մտածեցի  ու ասացի՝ «երանի իրա հավեսին» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «երգիչ մարդ ա, բայց կանգնում՝ հերթ ա պաշտպանում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ ինքը արդարություն սիրող մարդ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «փոխանակ դատավոր դառնար, երգիչ ա դառել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «զարմանալի ա, որ էդ Ալբերտի երգիչ լինելը նոր ես իմացել», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ ինքը հիվանդագին համեստության տեր մարդ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ իմաստով ինքը բացառիկ մարդ ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «էլի մարդիկ կան, որ չեն սիրում իրանց ռեկլամ անել», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կան, բայց շատ քիչ են», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «մանավանդ երգիչների ու դերասանների մեջ են շատ քիչ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու հեգնանքով ինձ ասաց՝ «քեզ ռեկլամելու իմաստով դու էլ առանձնապես չես փայլում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բայց  երգիչների դեպքում ռեկլամը շատ կարեւոր ա» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «համարյա բոլոր երգիչները ռեկլամին մեծ նշանակություն են տալիս», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «գրողներ ու նկարիչներ էլ կան, որ թանի ճանճի պես ամեն տեղ իրանց մեյդան են գցում»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031