Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ վստահում Երվանդ Զախարյանին». Անդրիաս Ղուկասյան

Հունվար 21,2016 23:10

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը կասկածում է էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի պնդումների ճշմարտությանը, թե Իրանը երբեւէ էժան գազ չի առաջարկել Հայաստանին:

Հիշեցնենք, որ նախարարը պնդում էր, որ Իրանը երբեւէ Ռուսաստանից ավելի էժան գազ չի առաջարկել:

«Չեմ վստահում Երվանդ Զախարյանի հնչեցրած գնահատականներին, որովհետեւ բազմաթիվ առիթներ ենք ունեցել՝ համոզվելու, որ այդ մարդիկ սուտ են խոսում: Երբ գազի գնի վերաբերյալ 2013-ին, 2014-ին պաշտոնյաները տարբեր հայտարարություններ էին անում, հետո պարզվեց, որ իրականությանը չեն համապատասխանում: Այդպիսի հայտարարություններին կարելի է հավատալ, եթե հնարավոր լինի դրանք ստուգել: Քանի որ Հայաստանում պետական կառավարումը իրականացվում է ոչ թափանցիկ, այլ քաղաքացիներից փակ, անիմաստ է արձագանքել նման հայտարարություններին»,- կարծում է Անդրիաս Ղուկասյանը:

Ըստ նրա, ՀՀ-ում գազի թեման քաղաքական կարեւոր թեմաներից է, ու այս հարցում կառավարությունը երբեք անկեղծ չի եղել ժողովրդի հետ. «Բանաձեւ էին ներկայացրել, թե ինչպես պետք է ձեւավորվի գազի գինը, այսօր այդ բանաձեւի մասին ոչ ոք չի խոսում: Ներկայացնում էին գազին վերաբերող  ՌԴ հետ պայմանագրի տարբեր դրույթներ, որոնք ըստ ներկայացնողների, պետք է պաշտպանեին ՀՀ շահերը, այսօր որտեղ են այդ պաշտոնյաները, որոնք այդ հայտարարություններն անում էին: Ամբողջ աշխարհում նավթի ու գազի գներն իջան, մենք այսօր ունենք գազի մատակարարման պայմանագիր, որի գինը շարունակում է մնալ նույնը»:

Նա չի կարծում, թե Ռուսաստանը կարող է թույլ չտալ կամ դժգոհել, երբ Հայաստանը նախընտրի իրանական գազը. «Հայաստանում Ռուսաստանի դերը  դեմոնիզացված է, դա էլ քարոզչական մեթոդ է, որ քողարկեն այս կոռուպցիոն ու քրեական ռեժիմի անօրինականությունը: Ներկայացվում է, որ ՌԴ-ն չար պետություն է, որը Հայաստանին հարկադրում է ապրել ոչ բարենպաստ վիճակում ու  Հայաստանի հաշվին օգուտներ  փորձում շահել: Չեմ կարծում, որ Հայաստանը բնականոն իրավիճակում, լեգիտիմ իշխանություն ունենալու վիճակում ի վիճակի չէ էներգետիկայի ոլորտի քաղաքականությունն այնպես վարել, որ դա լինի մեր երկրի համար բարենպաստ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031