Ինչպես հայտնի է՝ անցած տարվա հունվարի 15-ին Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանդից հետո Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի մոտ բողոքի դուրս եկած ցուցարարների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի էին ունեցել բախումներ, ինչի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ: Այդ ժամանակ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով.
«Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ առանձին անձանց կողմից կատարված գործողությունների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով»: Գործով մեղադրյալների քանակը շուրջ 20 էին, նրանց մեջ կային նաեւ այնպիսի երիտասարդներ (օրինակ՝ գյումրեցի Անուշավան Հարությունյանը), որոնք տոմսերը ձեռքերին՝ չկարողացան մեկնել ՌԴ` արտագնա աշխատանքի հարուցված քրեական գործի պատճառով:
Aravot.am-ը Շիրակի մարզի դատախազությունից հետաքրքրվեց՝ մեկ տարի անց արդյոք չի՞ կարճվել քրեական գործը, որին ի պատասխան տեղեկացրեցին, որ այն կարճված չէ. նախաքննությունը ընթացքի մեջ է: Aravot.am-ն այդ գործով առաջին մեղադրյալ, Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանից եւս հետաքրքրվեց, թե իրեն դեռ հրավիրո՞ւմ են իրեն քննչական կոմիտե:
Հիշեցնենք, որ անցած տարի բախումներից հետո այս երիտասարդին հրավիրել էին Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին որպես վկա ու ձերբակալել: Կարճ ժամանակ պահելով Ախուրյանի ձերբակալվածների պահպանման վայրում՝ նրան ազատ էին արձակել, սակայն մեղադրանք առաջադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4 –րդ կետով, այն է խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով:
Կարդացեք նաև
«Ինձ վերջին անգամ կանչել էին քարի փորձաքննության համար: Ճիշտ է՝ մի քիչ ծիծաղելի դեպք է. կանչել, ասում էին քարի փորձաքննություն ենք կատարել. Գարեգին Նժդեհ փողոցից հավաքված քարերը, քանի որ լցված են եղել պոլիէթիլենային տոպրակի մեջ, մենք չենք կարող պարզել Գարեգին Նժդեհ փողոցի՞նն է, թե՞ ուրիշ տեղի քարեր են: Փաստաբանն ու ես ծիծաղում էինք, քննիչն ասում է՝ ինչո՞ւ եք ծիծաղում, ասում ենք, որովհետեւ ծիծաղելու է, ի՞նչ է նշանակում քարերը լցված են եղել իրար վրա, չենք կարողանում գտնել, որը որտեղի քարն է: Փաստաբանն ասում է, եթե ձյուն լիներ, պետք է համբերեիք մյուս ձմեռը, որ ձյուն գար, էդ ձնից մատնահետք վերցնեի՞ք: Ես, անկեղծ ասած, արդեն սովորում եմ, ու այդ օրը չգնացի դասի, գնացի քննչական կոմիտե: Դա եղել է անցած տարի, մոտ 6-7 ամիս առաջ: Դրանից հետո ընդհանրապես զանգել, կանչել, ինչ-որ բան ասել չի եղել, ոչ ինձ են զանգել, ոչ փաստաբանիս, նորություն չկա: Փաստաբանն էլ մի քանի անգամ էլի տեղեկություն է փորձել վերցնել, թե ի՞նչ է ընթացքում է, ոչ մի տեղեկություն չեն տվել, միայն պատասխանել են՝ նախաքննությունը շարունակվում է, ընթացքի մեջ է:, այնպես որ ես տեղյակ եմ, որ գործը կարճված չէ ու գիտեմ, որ մեղադրյալները մոտ 19 հոգի են»,- ասաց Մնացական Ալեքսանյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ