Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրին ճանաչվել է 2016 թվականի տարվա երիտասարդական մայրաքաղաք: Հարազատ քաղաքը գովազդող տեսահոլովակում նկարահանվել են բազմաթիվ ճանաչված դեմքեր. ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, Գյումրու դրամատիկական թատրոնի արտիստական կազմը՝ թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի գլխավորությամբ, Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբը՝ դիրիժոր Կարեն Մայիլյանի գլխավորությամբ, «Բամբիռ» ֆոլք ռոք խումբը:
Ի դեպ, տեսահոլովակի երաժշտությունը «Բամբիռ»-ինն է: Նկարահանումներին մասնակցել են նաեւ ակտիվ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Տեսահոլովակի պատվիրատուն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունն է:
Գյումրու դրամատիկական թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը, որը գլխավորել է այս տեսահոլովակի նկարահանման պրոդյուսերական աշխատանքները, Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «40 վայրկյանում դժվար է ցուցադրել Գյումրին, առավել եւս որպես երիտասարդական քաղաք: Գիտեք, մեր քաղաքը հիմա երիտասարդական մեծ ներուժ ունի գրեթե բոլոր բնագավառներում: Մենք կարողացանք դրանից առանձնացնել ընդամենը մի քանիսը, ըստ մեզ՝ ամենակարեւորները: Տեսահոլովակը նկարահանել ենք բացառապես գյումրեցի ստեղծագործողներով, միայն տեխնիկական մասով ենք դիմել մայրաքաղաքի օգնությանը:
Կարդացեք նաև
Նշեմ, որ տեսահոլովակի ռեժիսորը Սերգեյ Հայրապետյանն է, օպերատորը Հայկ Բարսեղյանը, մոնտաժի ռեժիսորը Հրանտ Աթոյանն է, իսկ պրոդյուսերական ու ադմինիստրատիվ աշխատանքները կատարել է «Պրոֆ» պրոդաքշնը: Սցենարը գրվել է համատեղ ստեղծագործական կազմի հետ: Տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել ու մեծ օժանդակություն են ցուցաբերել համահայտատու կառույցները՝ Կարեն Պետրոսյանի, Հայկարամ Դրմեյանի, Տիգրան Պետրոսյանի ու մյուսների գլխավորությամբ», -ասաց Տիգրան Վիրաբյանը:
Նշենք, որ խոսքը գյումրեցի ակտիվ երիտասարդների մասին է, որոնք հայտնի են տարբեր, այդ թվում եւ բարեգործական ակցիաներին՝ «Մեկ բացիկ մեկ բնակարան»-ին, «Սուրբ Ծննդյան Զամբյուղ»-ին իրենց մասնակցությամբ:
Լուսանկարները՝ Տիգրան Վիրաբյանի
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ