Հայկական ավիաշուկայում կրկին փորձ է արվում նոր տեղական ավիաընկերություն ունենալ: «Արմենիա» անվանմամբ նոր ավիաընկերությունն արդեն գրանցվել է Հայաստանում: «Կարող ենք 99%-ով ասել, որ «Արմենիա» ընկերությունն աշխատում է արդեն, մի քանի հարցեր են մնացել լուծենք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանը:
Մեր այն հարցին, Հայաստանում մի շարք տեղական ավիաընկերություններ սնանկացան, արդյոք մտավախություն չկա՞, որ «Արմենիան» էլ նույն ճակատագիրը կունենա, եւ արդյոք բաց երկնքի քաղաքականության դեպքում այս ավիաընկերությունը չի՞ ձախողվի, պարոն Հովհաննիսյանն ասաց, որ իրենք լիահույս են՝ «Ամեն ինչ լավ կլինի, մենք շարժվելու ենք, ըստ մեր բիզնես պլանի»:
Այս պահին, ըստ «Արմենիայի» գլխավոր տնօրենի, թռիչքներ իրականացնելու համար Հայաստանի քաղաքացիական ավիացիայից լիցենզիա ստանալուն են սպասում: Հովհաննիսյանը վստահեցրեց, որ նորաստեղծ ավիաընկերության աշխատակազմի գերակշիռ մասը հայեր են լինելու:
Նշենք, որ ըստ վրացական «Կոմերսանտ»-ի, վրացական «Airzena» ավիաընկերության հիմնադիր Թամազ Գայաշվիլին ու գործադիր տնօրենի նախկին տեղակալ Ռոբերտ Հովհաննիսյանը Հայաստանում նոր ավիաընկերություն են հիմնում: Ըստ նույն աղբյուրի, «Airzena» ավիաընկերությունը վերջին շրջանում լուրջ խնդիրներ է ունեցել Վրաստանի ավիաոլորտում, եւ դադարեցրել է եվրոպական ուղղություններով թռիչքները:
Կարդացեք նաև
Պարոն Հովհաննիսյանը Sputnik Արմենիա-ի պորտալին հայտնել է, որ առաջին չվերթը կիրականացնի Boeing 737-700-ով, սակայն ուղղությունը դեռ հայտնի չէ։
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից Aravot.am-ին վստահեցրին, ընկերությունը հայտը ներկայացրել է, այն ուսումնասիրվում է. «Օրենքի պահանջներին համապատասխանելու դեպքում, կտրամադրվի արտոնագիրը»:
Քաղավիացվիայի նախկին պետ Շահեն Պետրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով նոր ավիաընկերության ի հայտ գալուն, կարծիք հայտնեց, որ մասնավորը մեծ ռիսկի է դիմում այդ ոլորտում բիզնես ծավալելով. «Այն էլ այն դեպքում, երբ Հայաստանը ռուսական գավառ է դարձել, ու ներդրո՞ւմ է անում այստեղ»:
Պետրոսյանի կարծիքով, ավիաոլորտում մրցակցություն կարող է լինել, եթե պարիտետային պայմանագրերը վերականգնվեն. «Բաց երկինքն առոչինչ է, բաց երկնքի քաղաքականությունը երկկողմանի բաց պետք է լինի: Ինչպես Ուկրաինան ԱՄՆ-ի հետ: Եթե դու բացում ես երկինքդ, դիմացինն էլ պիտի բացի: Ավիաընկերություն ստեղծելը ռիսկային է, դա պետք է պետությունը նախաձեռնի՝ հայկական ավիաընկերությունը ստեղծի, ապա աստիճանաբար բաժնետոմսերը վաճառի, ինչպես «Էյր Ֆրանսիան», «Բրիթիշ Էյրվեյսն» արեցին: Թե այդ «Արմենիա» ընկերությունն ինչ կլինի, չեմ կարող ասել, ռիսկային է»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
բարեւ Նելլի,
կայքէջին «Աշխատակազմ» գլխին տակ,
ուսումնական նվաճումներիդ նկարագրութեան մէջ,
կա մի վրիպակ՝
. «
սովորել է «Գլաձոր» համալսարանի միջազգային իավական ֆակուլտետում:
»
իրավական-ին «ր»-ն պակսում է
յարգանոք
Յ.Գ. անցեալ 12 տարիների ընթացքում, ամէն անգամ որ – հիմնականօրէն հայրենասիրական մղումներով – հայկական ավիաընկերություն ենք գործածել, դժբախտաբար զղջացել ենք…
շնորհակալություն, կուղղենք