2015թ. դեկտեմբերի 30-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը որոշում է ընդունել մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Նարեկ Վանեսյանին ազատել նշված վարչության պետի պաշտոնից: Որոշման մեջ նշված է, որ դրա հիմք է հանդիսացել Ն. Վանեսյանի անձնական դիմումը:
Վերջինս Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն էր ընտրվել 2015թ. մայիսի 27-ին կայացած մրցույթի արդյունքում, որին մասնակցեց 4 թեկնածու: 2015թ. մայիսի 29-ին մարզպետ Հ. Աբովյանի որոշմամբ Ն. Վանեսյանը Իջեւանի ԲԿ- տնօրեն էր նշանակվել 6 ամիս ժամկետով: 2015թ. հոկտեմբերի 12-ից Ն. Վանեսյանը պաշտոնավարեց որպես մարզպետարանի աշխատակազմի վերոհիշյալ վարչության պետ:
Ն. Վանեսյանից հետո Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Ռուզաննա Գրիգորյանը, որը մինչ այդ Աչաջրի առողջության կենտրոնի տնօրենն էր: Նա մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգ է:
2016թ. հունվարի 27-ին կկայանա Իջեւանի ԲԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանին հարցրինք, թե ովքեր են մրցույթին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացրել: Նա հայտնեց, որ այդ տվյալները գաղտնի են, իրենք իրավունք չունեն դրանք հրապարակել: Մարզպետ Հ. Աբովյանի որոշմամբ կձեւավորվի մրցութային հանձնաժողով, որն էլ կորոշի, թե մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձանցից քանիսի փաստաթղթերն են համապատասխանում մրցույթի պահանջներին, եւ ըստ այդմ՝ քանիսն են մասնակցելու մրցույթին: Տիկին Սվետլանան հայտնեց, որ մրցութային հանձնաժողովի կազմն էլ գաղտնի է, որպեսզի հանձնաժողովի անդամների վրա ազդեցություն կամ նրանց մոտ միջնորդություն չկատարվի:
Կարդացեք նաև
Մեր տեղեկություններով՝ Իջեւանի ԲԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 4 հոգի՝ Իջեւանի ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռ. Գրիգորյանը, բժիշկ Գագիկ Խառատյանը, Ւջեւանի ԲԿ-ի նախկին տնօրեն Վազգեն Մարգարյանը եւ մի անձ, որը Երեւանի բնակիչ է, բժշկական գիտությունների դոկտոր:
Իջեւանի ԲԿ-ի տնօրենի պաշտոնը «վտանգավոր» է: Իջեւանի ԲԿ-ի երկարամյա տնօրեն Հրաչյա Ներսիսյանի եւ այդ պաշտոնում նրան փոխարինած Վազգեն Մարգարյանի հանդեպ, ֆինանսատնտեսական գործունեության խախտումների համար, քրեական գործեր են հարուցվել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ