Մատենադարան տանող ճանապարհը ձեւավորվել է «Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆով: Կառավարության ընդունելությունների տան պարսպին «հանգրվանած» այբուբենի վերաբերյալ վերջին օրերին բուռն քննարկումներ են ծավալվել սոցցանցերում: Տեսակետներ կան, որ տառերի ձևավորման, ուրվագծերի, նախշերի, գույնի ընտրության առումով ճչացող անճաշակություն ու անփութություն կա:
Ի դեպ, ամեն տառի ներքեւում գրված է հովանավորի անունը: Մասնագետներից մեկը զուգահեռ տարավ, թե նույն է, որ «Հայաստան» հիմնադրամն իր աջակցությամբ արված ասֆալտի ամեն մետրի վրա՝ փորագրել տա իր անունը:
Aravot.am-ը նախագծի վերաբերյալ կարծիք հարցրեց հայկական տառատեսակների հեղինակ Ռուբեն Թարումյանից: Նա ասաց, որ իրեն զարմացրել է այն, որ որպես ոճ ընտրված են գոթական տառաձեւերը, ընդունելի են, վարպետորեն են արված, բայց տվյալ պարագայում արդարացված չեն:
«Եթե սա նվիրված է հայկական տառերին՝ որպես կոթողային գործ, տրամաբանական կլիներ, որ լինեին մեր ավանդական տառաձեւերը, որոնք հազարամյակներ շարունակ կոչվել են երկաթագիր: Ի վերջո, բավական է բարձրանալ Մատենադարան եւ տեսնել, թե ավանդական հայկական տառաձեւերն ինչպիսին են: Իհարկե, կարելի է բերել հարյուրավոր ոճավորումներ, բայց տվյալ դեպքում մենք գործ ունենք կոթողային գործի հետ, ոչ թե տառատեսակների ալբոմից վերցրած նմուշի»,- նկատեց պարոն Թարումյանը:
Կարդացեք նաև
Մյուս տարօրինակ բանը, ըստ մեր զրուցակցի, կապված է Մաշտոցի տառերի թե հավաքածուի, թե՛ դրանց անվանումների խախտման հետ: «Հայոց այբուբենի մեջ չկա ՈԻ տառը, բազմաթիվ այլ տառեր էլ չկան, որ կան ուրիշ այբուբեններում, ինչպես չունենք ы, չունենք щ եւ այլն: Այստեղ պատկերված է ՈՒ երկգրությունը, որը տառ չէ, եւ այդ գրության տակ գրված է՝ «հիւն», այսինքն հենց այն տառի անունն է գրված, որը պետք է լիներ, ընդ որում, այդ տառն էլ ոչ թե պետք է Հ-ով գրված լիներ, այլ հենց Ւ-ով: Նույնը տեսնում ենք Ո տառի դեպքում….Եվ սա Մատենադարանի կողքին է, քաղաքի կենտրոնում, Մաշտոցի գործի հիշատակին է նվիրված, ու պիտի տեսնեն բազմաթիվ հյուրեր, երիտասարդներ, դպրոցականներ, որոնք այցելության են գնում Մատենադարան: Սա պետք է անհապաղ շտկվի»,-կարծում է հայկական տառատեսակների հեղինակը:
Նաեւ միաժամանակ շեշտում է, թե ակնհայտ է, որ գործն արված է մասնագետի կողմից, եւ հարցը դա չէ, խնդիրն ավելի շուտ ոչ թե կատարողին է վերաբերում, այլ պատվիրատուին:
Նա տարօրինակ է համարում նաեւ այն, որ «Հայոց գրերի երթը» թարգմանվել է Eternal Alphabet:
Aravot.am-ի հարցին՝ արդյոք սա ատելության դրսեւորում չէ Մաշտոցի հանդեպ, պարոն Թարումյանը պատասխանեց, որ ձեւակերպումը մի փոքր կոշտ բառ է, ու ցանկացավ ամենաբարձր մակարդակով ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ առ այսօր անկախ Հայաստանում չունենք պաշտոնապես հաստատված այբուբեն:
«Մենք,ի վերջո, պետք է պետականորեն հաստատենք հայոց գրանշանների ցանկը, որը կարող է ապահովել, որպեսզի մնացած բոլոր ածանցյալ գործերը՝ դասագրքեր, ուղղագրության կանոններ եւ այլն, բերվեն մեկ հիմնօրինակի: Ընդ որում` հայտնի է, թե ինչու մինչեւ հիմա դա չի արվում: Չի արվում, որովհետեւ շփոթվում են երկու բան՝ գրանշանների հավաքածու եւ ուղղագրություն հասկացությունները: Պետք է հասկանալ, որ ուղղագրությունը գրանշանների հավաքածուի հետ ոչ մի կապ չունի, նույն հավաքածուով կարելի է գրել տարբեր ուղղագրություններով:
Տվյալ դեպքում, մեզ պետք է այբուբենը հաստատել այն վիճակով, ինչպիսին որ Մաշտոցը ստեղծել էր, որը մենք ինչ-որ իմաստով դիտում ենք որպես պաշտամունքի առարկա եւ դրանում ոչ մի վատ բան չկա…Այս հարցը պետք է դնել պետական ամենաբարձր մակարդակի վրա, պետք է հիշել, որ այբուբենի հետ կապված բոլոր հարցերը, բոլոր հազարամյակներում լուծել են պետության առաջին դեմքերը: Օրինակ, պարսկական սեպագիրը հաստատել եւ ստեղծել է Դարեհ թագավորը, գոթական այբուբենը՝ Վուլֆիլ եպիսկոպոսը, Պետրոս Մեծը ռուսների համար ստեղծել է իրենց այբուբենը, Լենինը ռուսների համար եւս մեկ անգամ վերափոխել է այբուբենը: Դա պետք է անի նաեւ Հայաստանի նախագահը: Չգիտեմ՝ նոր Սահմանադրությամբ ինքն ի՞նչ լիազորություններ է ունենալու, բայց հստակ է, որ դա պետք է անի առաջին դեմքը, ու պետք է անպայման լինի Մաշտոցի այբուբենի վերականգնումը, որը 20-40 ական թթ միջամտությունների արդյունքում աղճատվեց եւ պղծվեց»,- հայտնեց Ռուբեն Թարումյանը:
Նա մեծ ցանկություն հայտնեց, որ «Հայոց գրերի երթ» նախագծի փաստական, ոճային սխալները եւ անվանումների մեջ տառասխալները շտկվեն, դա արվի՝ խորհրդակցելով լեզվաբանների հետ, իսկ ՈՒ-ի միջից էլ Ո-ն պետք է վերացվի, որովհետեւ հայկական տառանունները սկզբնահնչունային են:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ամո՛թ է:Էս անտեր երկրում մեկը չկա՞, որ սրա հեղինակի ականջից բռնի ու ասի՝ հայոց այբուբենը մարդավարի գրիր: Ես դժվարությամբ ճանաչեցի տառերը:Խայտառակություն է: Ավելի վատ բան հայ գրերի համա մտածել՝ անհնար է: