«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում նոր կառավարչի օրոք վնասներ չեն եղել, ընդհակառակը՝ առաջացել է դրական տարբերություն շուրջ 3 միլիարդ դրամի: Այսօր այս մասին ասաց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը` նախարարությունում կազմակերպված ամփոփիչ ասուլիսի ժամանակ:
Երվանդ Զախարյանը նշեց, որ ՀԷՑ-ում տարիներ ի վեր արձանագրվող կորուստները նաեւ էներգոհաշվեկշռի ոչ ճիշտ հաշվարկի արդյունք են, եւ դրանք վերացել են հաշվեկշիռները ճիշտ կազմելուց հետո:
Aravot.am-ի հարցին, թե հնարավո՞ր է էլեկտրաէներգիայի գնի նվազում, եթե կորուստների տեղը գտնվել է, Երվանդ Զախարյանն ասաց, որ այդ հարցը կքննարկվի մարժային տարին ավարտվելուց հետո` հուլիսի վերջին:
Անդրադառնալով Հայաստանի ատոմային էլեկտրակայանի` ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետին, նախարարը հավաստիացրեց, որ մինչեւ 2027 թվականը ատոմակայանը կարող ենք անվտանգ շահագործել:
Ինչ վերաբերում է 1000 ՄԳՎ հզորությամբ նոր ատոմակայան կառուցելուն, որին, ըստ որոշ տեղեկությունների, դեմ է Հայաստանի կառավարությունը, պարոն Զախարյանն ասաց, որ խնդիրը ոչ թե կառուցել-չկառուցելու մեջ է, այլեւ հզորությունը պակասեցնելու, քանի որ 1000 ՄԳՎ հզորությամբ ատոմակայանի շահագործումը հետագայում խնդիրներ կարող է առաջացնել. «600 ՄԳՎ հզորությամբ ավելի ճկուն կշահագործվի: Չկառուցելու տարբերակ չկա, նոր բլոկի կառուցումը կառավարության համար օրակարգային հարց է եւ չկառուցելու մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Ատոմային էներգիայից հրաժարվելու ոչ մի հիմք ու հնարավորություն չունենք»:
Կարդացեք նաև
Մինչ Երվանդ Զախարյանը ներսում ասուլիս էր տալիս, նաիրիտցիներն ընդդեմ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, դրսում բողոքի ակցիա էին անում` պահանջելով վերագործարկել «Նաիրիտը» եւ իրենց ապահովել աշխատանքով:
Պարոն Զախարյանը «Նաիրիտ»-ի վերագործարկման հարցին էլ անդրադարձավ` ասելով, որ Միջպետական բանկում գրավ դրված Նաիրիտի բաժնեմասն ամբողջությամբ վերադարձվել է կառավարությանը եւ այս պահին կառավարությունը բանակցություններ է վարում եւ «Նաիրիտի» համար ներդրող է փնտրում:
«Ինչ արդյունքներ կլինի` ժամանակը ցույց կտա»,-ասաց Երվանդ Զախարյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ