Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպարիի գործին կրկին հանրային պաշտպան կներգրավվի (Տեսանյութ)

Հունվար 21,2016 16:23

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 21-ին դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվում էր Վարդգես Գասպարիի գործով դատական նիստը:

Ինչպես տեղեկացրել ենք, նիստը ընդմիջվել էր՝ պարզելու համար հանրային պաշտպանի բացակայության պատճառները: Ընդմիջումից հետո Նելլի Բաղդասարյանը նաեւ հայտնեց, որ դատարանը ամբաստանյալից ստացել է դիմում-հայտարարություն՝ նիստերին մասնակցելուց հրաժարվելու մասին, նա հայտարարեց, որ այդ հայտարարությունը դատարանը դիտում է որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ:

Նա նաեւ ներկայացրեց Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանի որոշումը՝ իրավական օգնության տրամադրումը դադարացնելու մասին:

Վարդգես Գասպարին շարունակում է դատական նիստերի դահլիճում պառկած մնալ եւ ձայն չհանել, դատավոր Բաղդասարյանը կրկին առաջարկեց Գասպարիին դատարանում պատշաճ դիրք զբաղեցնել: Դատավորը նման պահվածքը անհարգալից վերաբերմունք համարեց դատարանի նկատմամբ եւ նախազգուշացրեց, որ եթե նման պահվածքը շարունակվի, դատարանը այնուհետեւ կկիրառի 3 ժամով դատական նիստի դահլիճից հեռացնելու վերաբերյալ սանկցիան:

Դատավորը կրկին գործին հանրային պաշտպան ներգրավելու մասին որոշում կայացրեց: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 2-ին:

Gaspari-4 Gaspari-2 Gaspari-5

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, Վարդգես Գասպարին 2014թ. ապրիլի 7-ին Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 23 հասցում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի եւ Սոնա Մելիքյանի հասցեներին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Դուք հանցագործ սրիկաներ եք, մարդասպաններ, թափթփուկներ, լակոտներ, դուք սպանեցիք իմ եղբորը, բավական ա մարդասպաններին ընդհուպ մինչեւ Վովա Գասպարյանին թաքցնեք Ձեր փեշի տակ, վեց տարի ա ինչ եք անում, թափթփուկներ, հանցագործներ»: Ապա դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Ձեր նման անարժանապատիվ եւ անինքնասեր դատավորներն են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ, միայն այն, որ Եվրոպական դատարաններում Ձեր վճիռների 46-ից 47-ը ճանաչվել են անվավեր, դա պետք է Ձեզ մի քիչ հուզեր, բայց քանի որ դուք անարժան եք եւ անինքնասեր, որ Ձեր գործակալական գործողությունն եք կատարում», «Դուք ստոր եւ անարժանապատիվ դատավորներ եք, որպես գործակալներ այս հանցագործ իշխանությանը պահում եք իրենց գործի վրա», որի արդյունքում խոչընդոտել է դատական նիստի բնականոն աշխատանքը` այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով դատարանի նկատմամբ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031