21 հունվարի, 2016թ.: Այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան երկրորդ քարտուղար Ալի Նասեր Սոբհանիփուրը հանդիպեց Ինստիտուտի հիմնադիր եւ հետազոտական ծրագրերի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի, ՄԱՀՀԻ իրանագետ-փորձագետներ Էմմա Բեգիջանյանի եւ Արմեն Վարդանյանի հետ:
Հանդիպման մասնակիցները տեսակետներ փոխանակեցին տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ՝ քննարկելով Իրանի ապամեկուսացման, Իրան-Արեւմուտք հարաբերությունների նորմալացման գործընթացի հնարավոր ազդեցությունները տարածաշրջանի վրա, տարբեր ոլորտներում Հայաստան-Իրան հարաբերությունների խորացման ու զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:
Այդ համատեքստում քննարկման առարկա դարձան Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի եւ Իրանում համանման կազմակերպությունների համագործակցության, համատեղ ծրագրերի իրականացման հարցերը:
Մասնակիցները պարբերաբար հանդիպելու ու երկկողմ հետաքրքրության հարցեր քննարկելու շահագրգռություն եւ պատրաստակամություն հայտնեցին:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի լրատվական ծառայություն