Եվս 7200 եվրո ՀՀ բյուջեից կվճարվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) դիմած ՀՀ քաղաքացիներին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քիչ առաջ հրապարակեց Հայաստանի դեմ ներկայացված երկու գործերի վերաբերյալ վճիռը, որում դատարանը գտնում է, որ ՀՀ-ում խախտվել է դիմող կողմի՝ Վճռաբեկ դատարան դիմելու իրավունքը: Խոսքը «Գույումչյանն ընդդեմ Հայաստանի», «Թովմասյանն ընդդեմ Հայաստանի» գործերի մասին է:
«Գույումչյանն ընդդեմ Հայաստանի» գործում դիմող կողմը ներկայացնում են Գարեգին Գույումչյանի որդին, հարսը և կինը: Գործն առնչվում է Վանաձորում բնակվող Գարեգինին ու նրա կնոջը՝ Գյուլնազ Գույումչյանին, ովքեր փոքր ընտանեկան բիզնես էին հիմնել: 2002 թվականին Գարեգինը մեղադրվել է կաշառք վերցնելու մեջ, սակայն բավարար ապացույցների բացակայության արդյունքում 2002-ի սեպտեմբերին բոլոր մեղադրանքները հանվել են: Ընտանիքը 2004 թվականին վաճառում է բիզնեսը:
Նույն տարում Գարեգինը դատական գործ է հարուցում անօրինական հետապնդումների դիմաց փոխհատուցում ստանալու նպատակով, սակայն նրա հայցը չի բավարարվում:
Կարդացեք նաև
«Թովմասյանն ընդդեմ Հայաստանի» գործում դիմող կողմը Ռեհան Թովմասյանն է, որին 1991 թվականին հատկացվել էր բնակարան: Խորհրդային Միության փլուզումից հետո շենքի շինարարությունը դադարեցվել էր: 2007-ին տիկին Թովմասյանը դիմել էր դատարանին` պահանջելով բնակարան կամ փոխհատուցում:
Նշենք, որ երկու գործերի պարագայում էլ դիմող կողմը ընդդեմ Հայաստանի դիմում էր ներկայացրել ՄԻԵԴ այն հիմնավորմամբ, որ իրենց հնարավորություն չի տրվել դիմելու Վճռաբեկ դատարան:
Դատարանն իր վճռում գտել է, որ Հայաստանը ոտնահարել է դիմողների իրավունքը դիմել Վճռաբեկ դատարան, ուստի ՀՀ-ն պետք է քաղաքացիների է վնասը փոխհատուցի՝ 3600-ական եվրո վճարի Վահան Գույումչյանին և Ռեհան Թովմասյանին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ