2016թ. հունվարի 21-ին՝ ժամը 01.25-ին, Երևանի Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «աջ զստային շրջանի կտրած-ծակած, թափանցող վիրավորում ձախից` բարակ աղու և միջընդերքի վնասումով, վերանրակային շրջանի, կրծքավանդակի և սրունքի առաջային մակերեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գ.Սաթումյանը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:
Նախաքննությամբ պարզվել է, որ Գ.Սաթումյանը հիշյալ վնասվածքները ստացել է նույն օրը՝ ժամը 00.40-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 31 հասցեի մոտակայքում, դանակահարվելու հետևանքով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք ականատես վկաներ, նշանակվել են դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ:
Կարդացեք նաև
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրություն