Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հունվարի 21-ին դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվում է Վարդգես Գասպարիի գործի քննությունը:
Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստին Նելլի Բաղդասարյանը Գասպարիին բերման ենթարկելու որոշում կայացրեց: Եվ այսօր մինչ դատական նիստը իր աշխատավայրից ոստիկանները Գասպարիին բերման ենթարկեցին: Գասպարին ոստիկանական մեքենայի մեջ պառկած էր, եւ ոստիկանները ձեռքերից եւ ոտքերից բռնած իրեն տեղափոխեցին դատական նիստերի դահլիճ:
Կարդացեք նաև
Գասպարին նիստերի դահլիճում նույնպես պառկեց:
Դատական նիստին չէր ներկայացել հանրային պաշտպան Մերի Ալավերդյանը: Դատավոր Նելլի Բաղդասարյանը դատական նիստը ընդմիջեց 20 րոպեով եւ Գասպարիին առաջարկեց դատարանում պատշաճ դիրք զբաղեցնել, հակառակ դեպքում՝ դատարանը ավելի խիստ սանկցիա կկիրառի, մասնավորապես` 3 ժամով կհեռացնի դատական նիստերից:
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, Վարդգես Գասպարին 2014թ. ապրիլի 7-ին Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 23 հասցում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի եւ Սոնա Մելիքյանի հասցեներին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Դուք հանցագործ սրիկաներ եք, մարդասպաններ, թափթփուկներ, լակոտներ, դուք սպանեցիք իմ եղբորը, բավական ա մարդասպաններին ընդհուպ մինչեւ Վովա Գասպարյանին թաքցնեք Ձեր փեշի տակ, վեց տարի ա ինչ եք անում, թափթփուկներ, հանցագործներ»: Ապա դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Ձեր նման անարժանապատիվ եւ անինքնասեր դատավորներն են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ, միայն այն, որ Եվրոպական դատարաններում Ձեր վճիռների 46-ից 47-ը ճանաչվել են անվավեր, դա պետք է Ձեզ մի քիչ հուզեր, բայց քանի որ դուք անարժան եք եւ անինքնասեր, որ Ձեր գործակալական գործողությունն եք կատարում», «Դուք ստոր եւ անարժանապատիվ դատավորներ եք, որպես գործակալներ այս հանցագործ իշխանությանը պահում եք իրենց գործի վրա», որի արդյունքում խոչընդոտել է դատական նիստի բնականոն աշխատանքը` այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով դատարանի նկատմամբ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ