Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանն այլեւս չի կարող ֆինանսական դոնոր լինել Հայաստանի համար». Ռուս փորձագետ

Հունվար 21,2016 14:18

«Չի կարելի հիմնվել նավթային տնտեսության վրա և ողջ տնտեսությունը կառուցել այդ հիմքով, նման քաղաքականությունն է, որ հանգեցրել է տնտեսության կախվածության նավթի ու գազի արտահանումից: Ուժեղ կախվածությունը նավթամթերքներից միայն բացասաբար է ազդում ռուսական տնտեսության և ինտեգրման գործընթացի վրա»,- այսօր  «Սպուտնիկ Արմենիա» ակումբում անցկացված հեռուստակամուրջի ժամանակ նման կարծիք հայտնեց Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի տնտեսական հետազոտությունների կենտրոնի միջազգային տնտեսական կազմակերպությունների հատվածի ղեկավար Վյաչեսլավ Խոլոդկովը:

Նա այն կարծիքին է, որ ԵՏՄ տարածքում տնտեսական ճգնաժամը կասեցնելու համար անհրաժեշտ է փոխել Ռուսաստանի տնտեսական քաղաքականությունը:

Պարոն Խոլոդկովը համոզված է, որ ՌԴ տնտեսական ճգնաժամը նաեւ ԵՏՄ անդամ երկրների տնտեսական անկման պատճառ է:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ժողտնտեսության կանխատեսման ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Շիրովն էլ նկատեց, որ 2009-ից սկսած՝ ռուսական ռուբլու փոխարժեքը չէր համապատասխանում Ղազախստանի և Բելառուսի արտարժույթի շուկային, առաջացել էր արժույթների հավասարակշռության խախտում:

Անդրադառնալով հայաստանյան տնտեսական զարգացումներին՝ պարոն Շիրովը արձանագրեց, որ ԵՏՄ անդամ երկրներից միայն Հայաստանն է շարունակում պահել արտարժույթի փոխարժեքի որոշակի կայունություն. «Բայց այստեղ խնդիր կա, նման պայմաններում Ռուսաստանն այլեւս չի կարող ֆինանսական դոնոր լինել Հայաստանի, Ղրղըզստանի, ինչու չէ նաեւ Բելառուսի համար: Ֆինանսական շոկը պետք է վերապրել, բայց չի կարելի անտեսել այն հանգամանքը, որ տնտեսության եկամուտները կրճատվել են ու դժվար է տնտեսության մեջ բացասական արդյունքներ չգրանցելը»:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ազա Միհրանյանն էլ շարունակեց փոխարժեքի թեման՝ մասնավորեցնելով իրավիճակը Հայաստանում. «Ի տարբերություն ԵՏՄ մյուս անդամ երկրների՝ Հայաստանը գտնվում է ունիկալ կարգավիճակում: Սա պայմանավորված է հեռավորությամբ, ինչ-որ չափով մեկուսացված լինելով: Դա մի կողմից նվազեցնում է հնարավորությունները օգտվելու բոլոր առավելություններից, բայց հենց դա է տալիս Հայաստանին որոշակի կայունություն պահպանելու հնարավորությունը: Այդ է պատճառը, որ Հայաստանն ավելի շատ կենտրոնանում է ներքին հնարավորությունների վրա: Իսկ դրամի կայունությունը պայմանավորված է արտահանման համաչափությամբ, այն հավասարաչափ է բաշխվում ԵՏՄ եւ ԵՄ տարածքում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031